ԱՄՆ Բոսթոն քաղաքում կայացած աճուրդի ժամանակ 11 հազար 875 ԱՄՆ դոլարով վաճառվել է «Տիտանիկ» նավի ողջ մնացած ուղևորուհու նամակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press գործակալությունը, նամակը գնողի ինքնությունը չի բացահայտվել:


Նամակը գրել է Լյուսիլ Դաֆ-Գորդոնը 1912 թվականի մայիսին: Նա այն 12 անձանց թվում էր, ովքեր փրկվել էին 40 մարդու համար նախատեսված նավակով: Ավելի ուշ նրա ամուսնուն մեղադրել էին նավի անձնակազմին կաշառելու մեջ, որպեսզի իրենց նավակը հնարավորինս արագ հեռանար խորտակվող նավից: Հետագայում, սակայն, բոլոր մեղադրանքները հանվել էին:

 

Նավակը, որով Դաֆ-Գորդոնը փրկվել էր, լրագրողներն անվանել էին «Փողի նավակ», ինչից հետո կինն իր ընկերոջը նամակ էր գրել` բողոքելով լրագրողներից: Նամակում Լյուսիլ Դաֆ-Գորդոնը գրել էր. «Այնպիսի տպավորություն է, որ մենք վատ արարք ենք գործել փրկվելով: Միթե այս ամենը զայրացնող չէ»: