Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ռեժիսորներ Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը նկարահանում են «Դաշտը» անվանումով գեղարվեստական ֆիլմ: Կինոնկարի հերոսներից մեկը՝ գերմանացի ռազմական բժիշկը, լուսանկարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Մյուս հերոսը Կոմիտասն է, ով պատրաստվում է համերգի՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրեն և հայ ժողովրդին: «Արմենպրես»-ը ներկայացնում է մանրամասներ ֆիլմի մասին:


Կրկնել այն, ինչն անհնար է կրկնել…

 «Գաղափարն անշրջելիությունն է, պատմությունը՝ ցեղասպանությունը, եւ որքան էլ որ մենք գործ ունենք իրական մարդկանց, ճակատագրերի, հույզերի, ապրումների եւ ահասառսուռ իրավիճակների հետ, այնուամենայնիվ, եթե մի արտահայտությամբ բնորոշենք՝ ապա այն սիրո եւ ապագայի նկատմամբ հավատի մասին է: Իրավիճակներ կան, որոնք մենք չենք ուզում երբեւէ հիշել, եւ իրավիճակներ կան որոնց մասին մենք կարող ենք պատմել միայն մեկ անգամ։ Այս դեպքում մենք պարտավոր ենք կրկնել այն, ինչն անհնար է կրկնելը» ,- պատմում է Նարինե Մկրտչյանը:

 

«Դաշտ»-ի գաղափարը ֆիլմում

Այն բազմիմաստ է։ Մի դեպքում «Դաշտը», որտեղ ֆիզիկապես տեղի են ունենում եւ զարգանում ֆիլմի տեսարանները, մյուս դեպքում՝ այն հարաբերությունների «Դաշտն» է, որտեղ հերոսները բացահայտում են, թե իրենք իրենց եւ թե պատմությունը:

 

 

Ֆիլմի գլխավոր հերոսները չորսն են

«Ֆիլմում գլխավոր հերոսները չորսն են՝ Հայնրիխը՝ գերմանացի ռազմական բուժակ, ով իր ծառայությանը զուգահեռ լուսանկարում է այն, ինչ տեղի էր ունենում այդ ժամանակ Անատոլիայում: Կոմիտաս Վարդապետը, որ իր երգչախմբի հետ անընդհատ փորձեր է կատարում՝ պատրաստվելով մեծ համերգի՝ դեռեւս չիմանալով սպասվող արհավիրքի մասին։ Անուշը Կոմիտաս Վարդապետի երգչախմբի անդամ է, ով հետագայում դառնում է վայրագության զոհ: Նանիկն Անուշի ութ տարեկան քույրն է, ով վերապրում է այն, ինչ տեսել է մահվան ճամբարներում եւ տափաստաններում: Նրանցից յուրաքանչյուրն առանցք ային նշանակություն ունի ֆիլմ պատմության մեջ» ,- ներկայացնում է Արսեն Ազատյանը:

 

Դերասանների ընտրության մասին

«Հայնրիխի դերում հանդես է գալու գերմանացի հայտնի դերասան Ֆլորիան Պանզները, եւ ֆիլմում կան մի շարք գերմանացի եւ այլազգի կերպարներ, որոնց կմարմնավորեն նույնպես գերմանական կինոյի եւ թատրոնի դերասաններ։ Անուշի, Նանիկի եւ Կոմիտասի համար կան մի քանի թեկնածուներ ու մինչ նկարահանումները դեռ կփորձենք գտնել լավագույնին։ Կան նաեւ երկրորդ պլանի դերեր, որոնց դերաբաշխումը դեռեւս ընթացքի մեջ է» ,- ասաց Նարինե Մկրտչյանը:

 

«Դաշտը» ֆիլմի առանձնահատկությունների մասին

 «Յուրաքանչյուր ֆիլմ էլ առանձնահատուկ է։ Մեր ֆիլմն առանձնահատուկ է լինելու իր պատկերային անսպասելի շարադրանքով եւ լուծումներով, որը կենտրոնացում է պահանջում։ Թվում է, թե ամեն ինչ գիտենք ցեղասպանության մասին, բայց մի բան կա, որը շատ կարեւոր է՝ այն իրական հոգեվիճակը, որը գերբնական ուժ է տալիս անկման պահին: Թերեւս դա մեր հայացքն է» ,- նկատում է Նարինե Մկրտչյանը:

 

 

 

 «Ի տարբերություն Հայոց ցեղասպանությանը նվիրված սակավաթիվ ֆիլմերի, ուր շարադրվում են ինչ-որ ընտանիքի կամ որոշակի տեղանքի պատմություններ, մեր ֆիլմն ավելի ընդհանրական է, թեեւ հենվելով որոշակի պատմական անձերի եւ անցքերի վրա, այնուամենայնիվ այն ավելի հայեցակարգային է, ինչն էլ հնարավոր է դարձնում սուղ միջոցներով իրականացնել նմանատիպ ծավալուն աշխատանք։ Եվ որ ամենակարեւորն է մեզ համար՝ գաղափարը, որը մենք դեռ չենք ուզում բացել, բայց որի համար արժե գնալ զոհողությունների» ,-  ներկայացնում է Արսեն Ազատյանը:

 

Ֆիլմը նկարահանվելու է հիմնականում Հայաստանում

Ֆիլմի նկարահանումները պլանավորվում են գալիք տարվա ամռան ամիսներին, եթե ֆինանսական բարդություններ չառաջանան: «Հույս ունենք, որ նկարահանումներից հետո հետագա աշխատանքների ընթացքն ավելի պարզ կլինի։ Ֆիլմի նկարահանումներն իրականացվելու են են հիմնականում Հայաստանում» ,- ասաց Նարինե Մկրտչյանը:

 

Կինոնկարի երաժշտության մասին

«Առայժմ մենք ֆիլմում «լսում ենք» Կոմիտասի աշխարհիկ երգերի խմբերգային կատարումները եւ Ֆրանց Շուբերտի գործերից։ Մոնտաժային եւ հնչյունավորման շրջանում դա ավելի հստակ կլինի։ Ինձ համար յուրաքանչյուր պատկերն իր հնչյունն ունի, ուստի շատ զգույշ է պետք լինել նաեւ երաժշտության հարցում» ,- նշում է Արսեն Ազատյանը:

 

Ֆիլմի ստեղծմանը կմասնակցի նաև ֆրանսիական ընկերություն

 «Ֆիլմն իրականացվելու է Ֆրանսիական «Constallation Factory» ընկերության, ինչպես Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ: Դեռ սպասում ենք նաև պետական հանձնաժողովի միջոցներին: Արդեն որպես բարի ավանդույթ՝ մեզ աջակցում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը: Նոյեմբերի 19-20-ին Լայպցիգում տեղի ունեցավ ֆրանկո-գերմանական լավագույն 21 կինոնախագծերի քննարկումը, որից 11-ը Ֆրանսիական եւ 10-ը գերմանական էին։ Մեր «Դաշտը» կինոնախագիծն ընտրվել էր իբրեւ ֆրանսիական կինոնախագիծ, որը մեզ համար մեծ պատիվ է» ,- ներկայացնում է Արսեն Ազատյանը:

Ռոզա Գրիգորյան