Թուրք ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի նկարահանած «Խզում» (The Cut) ֆիլմի` Թուրքիայում ցուցադրության դրվելուց հետո շատերը սկսել են իրենց տեսակետերը հայտնել ֆիլմի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24.com պարբերականի սյունակագիր Աթիլլա Դորսայը հատուկ հոդված է հրապարակել, որում կարծիք է հայտնել ֆիլմի` Ցեղասպանության մասին դեպքերը ոչ լիակատար ներկայացնելու վերաբերյալ: «Կարծես թե «Հայկական հարցի» վրա անեծք կա... Այս հարցը նկարահանել փորձող ռեժիսորները մշտապես ձեռքերն այրել են: Թե հարգելի Տավիանի եղբայրները, թե անձամբ հայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը... Ստեղծված ֆիլմերը ոչ ոքի չեն հագեցրել»,- գրում է Դորսայը:
«1915 թվականին տեղի ունեցածը համամարդկային հանցագործություն է... Թուրքիան` որպես պետություն և որպես ժողովուրդ, պատմության այդ ցավալի շրջանի համար պետք է ներողություն խնդրի: Չխուսափենք դրանից»,- նշում է հոդվածագիրը:
Անդրադառնալով Աքընի ֆիլմին` Դորսայն ընդգծում է, որ իր սպասելիքները չեն արդարացել: Նրա խոսքերով` 1915 թվականին Մարդինում սկսված պատմության նախապատմությունն ընդամենը մի քանի նախադասությամբ ներկայացնելը բավարար չէ: Դորսայի հավաստմամբ` ֆիլմում հայտնի չի դառնում, թե ինչ պայմանների ներքո են մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանը, նրա կինը` Ռաքելը, երկվորյակ դուստրերը` Արսինեն և Լուսինեն, ենթարկվում բռնությունների, «տեղահանություն-աքսորի»:
«Այսպիսով հայակական հարցն իր ողբերգական ողջ մասշտաբով մոռացության է տրվում, առաջ է բերվում կորուսյալ ընտանիքին փնտրող հոր պատմությունը»,- գրում է Դորսայը` ֆիլմն ամենևին էլ չբնորոշելով որպես «թուրքի թշնամի»: Սյունակագրի խոսքերով` «Խզում»-ը զգալիորեն զիջում է Աքընի մյուս ֆիլմերին: «Իսկ «հայկական դեպքը» դեռևս սպասում է իր ֆիլմին և ռեժիսորին: Տեսնենք, թե դեռ ինչքան ժամանակ...»,- եզրափակում է հոդվածագիրը: