«Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերայի օրը սարերի հետևում չէ: Մուլտֆիլմը դեկտեմբերի 27-ից հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին «Շարմ Հոլդինգից», պրեմիերան Ամանորյա նվեր է ամբողջ ընտանիքի համար:


Ղազարոս Աղայանի ստեղծագործության առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան և որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրությունը:

 

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

 

Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է:

 

Երևանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: