«Ազատ գոտի» երիտասարդական շարժումը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել վրացական ծագմամբ հանրահայտ ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսի՝ դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում պլանավորված համերգի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, երգչի ժամանումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Վրաստանի բնակչության շրջանում, ուստի կազմակերպիչները որոշում են ընդունել համերգն անցկացնել Սպորտի պալատում: Ազատ տոմսեր, որոնց արժեքը տատանվում էր 40-ից մինչև 350 լարի (21-ից մինչեւ 188 դոլար) սահմաններում, վաճառքում արդեն չկան:
«Զարմանում եմ՝ ինչպես են համարձակում այդ մարդուն Վրաստան բերել… Կարծում եմ, որ հասարակությունը պետք է բողոքարկի այդ ոչ բարով վրացու ժամանումը և համերգի անցկացումը: Ամո՛թ Է»,-ասված է ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ:
«Ազատ գոտու» վրդովմունքի պատճառ է դարձել է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Լեպսի արած հայտարարությունը, որտեղ նա աջակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես իմ երկրի քաղաքացին եմ, ես հարգում եմ իմ նախագահին եւ այն ամենը, ինչ նա անում է, ես ճիշտ եմ համարում: Ես նրան վստահում եմ, ես նրան հարգում եմ, ես նրան գնահատում եմ»,-նշել է Լեպսը՝ մեկնաբանելով Ղրիմի հարցը:
Գրիգորի Լեպսվերիձեն, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Գրիգորի Լեպս, ծագումով վրացի ռուսաստանաբնակ երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր, Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության անդամ, ՌԴ-ի վաստակավոր արտիստ, World Music Awards, «Տարվա երգ», «Ոսկե գրամաֆոն» մրցանակների դափնեկիր: