Իտալացի պատմաբան եւ արձակագիր Անջելո Պարատիկոն վստահ է, որ «Մոնա Լիզա» կտավում Լեոնարդո Դա Վինչին պատկերել է իր մորը, ով ազգությամբ չինուհի էր և եղել է ստրկուհի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով South China Morning Post-ը, իր տեսությունն ուսումնասիրելու համար Պարատիկոն 20 տարի առաջ տեղափոխվել է Հոնգ Կոնգ և ուսումնասիրել Իտալիայի և Չինաստանի հարաբերություններն այդ ժամանակաշրջանում:


Ըստ Պարատիկոյի, Լեոնարդոյի մայրը եղել է չինուհի ստրկուհի` Կատերինա անունով: Նրա մասին հիշատակությունները կորում են 1452թ. հետո, երբ ծնվել է Լեոնարդոն: Պաշտոնական տվյալներով,  Դա Վինչիի մոր անունն իսկապես եղել է Կատերինա, սակայն նա եղել է ոչ թե ստրկուհի, այլ հասարակ գյուղացի: Ըստ Պարատիկոյի, Վերածննդի հանճարի կապը արևելքի հետ բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ Դա Վինչին եղել է բուսակեր, իսկ դա այդ ժամանակահատվածում Եվրոպայում այնքան էլ տարածված չէր: Բացի այդ, Դա Վինչին եղել է ձախլիկ, ինչը նույնպես հատուկ է արևելքի բնակիչներին:  

 

Պարատիկոն հիշեցրել է, որ դեռեւս 1910թ. Զիգմունդ Ֆրեյդը ենթադրել էր, որ կտավում պատկերված է նկարչի մայրը: «Կտավի երկրորդ պլանում չինական պատկեր է, իսկ Մոնա Լիզան չինուհու դիմագծեր ունի»,- հայտարարել է պատմաբանը` հավելելով, որ միակ եղանակը հաստատելու իր տեսությունը Դա Վինչիի դին շիրիմից հանելն է և նրա ԴՆԹ-ի ուսումնասիրումը:«Մոնա Լիզան» Դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից է, որ համաշխարհային համբավ ունի: Նկարիչն այն ստեղծել է 1503-1505թթ.: