ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը:
Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասիի, Հովնաթանի, Աշոտի, Շահենի, Ջիվանի, Միջազի, ինչպես նաև, Վ. Կոտոյանի, Վ. Բալյանի, Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունները:
Երգիչ Թովմաս Պողոսյանը ծնվել է 1954թ. Լոռվա մարզի Սարչապետ գյուղում: Երգել սկսել է մանկուց: 1971-72թթ երգել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր է: 1992թ-ից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2011թ.` ժողովրդական արտիստի կոչման: