Չիրագործված երազանքս ազատ, անկախ և միացյալ Հայաստանն է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը:
 

Հարցին, թե այն նպատակը, խնդիրը, որը նա իր առջև դրել էր երգարվեստ մտնելուց առաջ, այսօր իրականացված համարո՞ւմ է, ՀՀ վաստակավոր արտիստը դրական պատասխան տվեց:

Զրույցի ընթացքում պրն. Իսպիրյանը նշեց, որ երբևէ չի փոշմանել մասնագիտության ընտրության հարցում:

Հարցին, թե ինչպիսի հայր է ինքը, Ներսիկ Իսպիրյանը նշեց. «Ավանդապաշտ, սկզբունքային, արմատական, հայեցի և հայրենասեր»:

Ներսիկ Իսպիրյանը որդու հետ


Այն հարցին էլ, թե որտե՞ղ է ամենաջերմ լսարանը՝ հայրենիքո՞ւմ, թե՞ հայրենիքի կարոտով ապրող սփյուռքում, Իսպիրյանը պատասխանեց.


«Իմ լսարանը մեկն է, ովքեր ազգային գիտակցություն ունեն, այդ խավն է լսում: Նրանք, ում համար կարևոր չէ ազգային-ապազգայինը, ուրիշ խավ են, ինձ հետ գործ չունեն»:

 

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև 2015թ-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կազմակերպելուն: Ազգագրական երգի նվիրյալը նշեց, որ ցեղասպանությանը նվիրված նախագծով անպայման հանդես է գալու. «Մշակույթի նախարարի հետ խոսեցի, անպայման պետք է մեկտեղվենք, և ես իմ ծրագիրը պետք է ներկայացնեմ մեկ շաբաթ կամ տասը օր առաջ՝ նվիրված ցեղասպանությանը: Ազգային, ոգևորող մեծ համերգ է լինելու, որը նախատեսված է Հայաստանում»:

Ներսիկ Իսպիրյանի հետ խոսեցինք նաև նոր ներկայացված տեսահոլովակի, ինչպես նաև նախատեսված առաջիկա համերգների մասին:

 

Խոսելով նոր տեսահոլովակի մասին՝ պրն. Իսպիրյանը նշեց, որ արձագանքը դրական է եղել. «Զանգեր եմ ստացել աշխարհի հայաբնակ բոլոր վայրերից: Բոլորն էլ շատ բարձր են գնահատել՝ ուսուցողական, դաստիարակչական: Մի խոսքով՝ դրական»:


Երգիչը հավելեց նաև, որ դեկտեմբերին համերգ է նախատեսում. «Դեկտեմբերի 13-ին համերգ ենք ունենալու Սունդուկյան թատրոնում, որի ողջ հասույթը տրամադրելու ենք Մուրադ Մշեցուն, որովհետև նրա երգերը մեզ շատ հոգեհարազատ են, համահունչ են և նա մեծ ձեռագիր ունի հայրենասիրական երգարվեստում: Մտահղացումն իմն է»:

 

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև հայաստանյան քաղաքական անցուդարձին: Պրն. Իսպիրյանը նշեց, որ որպես բնակիչ թեթևակի հետաքրքրվում է քաղաքականությամբ և քաղաքական գործիչ շատ ընկերներ ունի:

 

ՀՀ վաստակավոր արտիստի հետ հարցազրույցն ավարտեցինք բլից հարցերով և խնդրեցինք մաքսիմալ անկեղծ պատասխանել հարցերին.

 

-Ներսիկ Իսպիրյանն՝ իբրև մարդ, երեք բառով:


- Բարձր որակի, հարազատասեր, հայրենասեր և ընկերասեր:

 

- Մի բան, որը երբեք չեք ների:


- Չեմ ներում դավաճանությունը, ստախոսությունը և ոչ ճիշտ մարդկային քայլերը:

 

- Մեկը, ում ողջ կյանքում շնորհակալ եք:


- Ընտանիքս, ծնողներս, եղբայրներս:

 

- Մեկը, ումից ներողություն կխնդրեիք, բայց հնարավորություն այլևս չունեք:


- Միայն միայն ընտանիքիս մեջ: Սակայն եթե դրսում էլ զգամ մեղավոր եմ անպայման ներողություն կխնդրեմ: Սակայն այդպիսի առիթ չի եղել: Եթե մեղավոր լինեմ, անպայման ներողություն կխնդրեմ, որոհետև դա էլ է մարդկային:

 

- Մի բան, որի համար զղջացել եք:


- Չկա այդպիսի բան:

 

-Ամենածանր կորո՞ւստը:


- Հարազատի մահը և կորուսյալ հայրենիքը:

 

- Ամենաթանկ նվե՞րը:


- Կրկին հայրենիքը:

 

- Հիասթափությո՞ւնը:


- Հիասթափություն ապրել եմ, սակայն չեմ հուսահատվել:

 

- Չիրագործված երազա՞նքը:


- Ազատ անկախ և միացյալ Հայաստանը:

 

- Աստվածահավա՞տ, թե՞ աստվածավախ մարդ եք:

- Երկուսն էլ:

 

Զրուցեց Լիանա Թորոսյանը