Քաշ կորցնելու գաղտնիքը նյութափոխանակության (էներգիայի այրման գործընթացը, որն ապահովում է օրգանիզմի կենսունակությունը) մեջ է: Երբ նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, գիրության նշաններ են նկատվում, հատկապես՝ այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ես ցանկանում: Երբ նյութափոխանակությունն արագ է ընթանում, անձն ավելի հաճախակի է սնունդ ընդունում, սակայն, միևնույն ժամանակ, քաշ չի հավաքում: Նյութափոխանակության ավելի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի մկանուտ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում:
Ստորև ներկայացնում ենք դանդաղ նյութափոխանակության պատճառները.
1. Ավելորդ սնունդ. երբ ուտում ես ավելին, քան օրգանիզմդ պահանջում է:
2. Անարդյունավետ դիետաներ. սնվում ես հատուկ սննդակարգով կամ փորձում հնարավոր ամեն տարբերակ՝ քաշ գցելու համար: Եթե նույնիսկ այս կամ այն շրջանում քեզ հաջողվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա դրանք կրկին վերականգնվում են, երբ դադարում ես սնվել հատուկ սննդակարգով: Նման դեպքերում օրգանիզմը, շարունակական դիետաներից հյուծված, սկսում է քաշ հավաքել, որպեսզի պաշար ունենա, եթե դու կրկին որոշես անցնել հատուկ սննդակարգի:
Որքան երկար է դիետայով սնվելու ժամանակահատվածը, այնքան երկար ժամանակ կպահանջվի օրգանիզմին «համոզելու» քաշ չհավաքել և արագացնել նյութափոխանակությունը:
3. Քաղց. հենց անցնում ենք հատուկ սննդակարգի, ավելի շատ ենք սկսում մտածել ուտելիքի մասին: Եվ հիմնականում ավելի շատ մտքով, քան ստամոքսով ենք քաղցած լինում: Այդպես է մեր ուղեղն աշխատում. միշտ ձգտում ենք նրան, ինչ չունենք, և որքան մեծ է արգելքը, այնքան ավելի մեծ է ցանկությունը:
Հոգեբանական գործոններ
Մեզ դուր է գալիս «դիմել» սննդին, և ոչ միայն քաղցը հագեցնելու համար: Սնունդն ունակ է բավարարելու մեր կարիքները: Երբ լարված ենք կամ ագրեսիվ, երջանիկ կամ նյարդային, անընդհատ ցանկանում ենք ծամել: Երբ լիցքաթափվելու ցանկություն ունենք, ընտրում ենք մանկության ամենասիրելի ուտեստը: Այլ կերպ ասած' սնվում ենք անվերջ' լավ ինքնազգացողության ակնկալիքով:
Ինչպես արագացնել նյութափոխանակությունը
1. Ակտիվ կյանքով ապրելը նյութափոխանակության արագացման, հավանաբար, լավագույն տարբերակն է: Նույնիսկ ամենաչնչին ֆիզիկական վարժանքը կարող է նպաստել նյութափոխանակության արագացմանը:
2. Ամրացնել մկանները: Դրան կարելի է հասնել ֆիզիկական լարվածություն պահանջող որևէ աշխատանք կատարելով (օրինակ՝ ծանրություն բարձրացնել): Կարող ես նաև զբաղվել աերոբիկայով, վազքով, հեծանիվ վարել կամ լողավազան այցելել շաբաթը երեք անգամ (առնվազն 20 րոպե տևողությամբ):
3. Նախաճաշն ու կանոնավոր սնունդը ևս նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը: Փորձիր անցնել հատուկ սննդակարգի՝ ցածր կալորիականությամբ, սակայն հարուստ սպիտակուցներով, բանջարեղենով և մրգերով:
4. Հարկավոր է չմոռանալ շատ ջուր խմել և գիշերային հանգիստ քուն ունենալ:
Եվ ամենագլխավորը'ավելի հեշտ է ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, երբ գոհ ես, երջանիկ և վայելում ես կյանքը: