Մեր սերնդի սիրելի դերասան պապիկն այսօր կդառնար 85 տարեկան. այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:
«Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Խաթաբալա», «Ձորի Միրո» և բազմաթիվ այլ ֆիլմեր կան, որոնցում նա փայլել է:
Մեծ դերասանը մի առիթով կարծիք է հայտնել, որ իր դերասան դառնալը նախախնամությամբ էր որոշված: «Բազմիցս ցանկացել եմ հեռանալ թատրոնից, սակայն չի ստացվել... Աստծո մատը խառն էր»,- կես կատակ, կես լուրջ ասել է նա: Նրա՝ թատրոնում լինելն իսկապես կանխորոշված էր, քանի որ նա ուղղակի չէր կարող այնտեղ չլինել. Սոս Սարգսյանը պիտի դառնար հայ թատրոնի հենասյուներից մեկը:
1954-1991թթ. նա խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ 1991-ին հիմնել է Համազգային թատրոնը, որը դերասանի վարպետության լուրջ դպրոց է դարձել ժամանակակից շատ դերասանների համար: Նրա երազանքներից մեկն էլ այն համաշխարհային թատրոն դաձնելն էր: 2 տարի առաջ որոշվեց, որ Համազգային պետական թատրոնի` սեփական տանիք ու բեմ ունենալու երազանքն իրականանալու է, ինչը շատ էր ուրախացրել Սոս Սարգսյանին, սակայն նրան վիճակված չէր տեսնել իր հիմնադրած թատրոնի շենքը (մինչ այս Համազգային թատրոնը վարձակալել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դահլիճը):
Ֆրունզիկ` Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան... հերթով կորցրեցինք հայ թատրոնի մեծագույն վարպետներին, ովքեր մեր հպարտությունն են: Նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Սոս Սարգսյանը:
Նշենք, որ գարնանը կայացավ «Համլետ» ներկայացման առաջնախաղը, որը Սոս Սարգսյանի ստեղծագործական վերջին առաջադրանքն էր:
Ծնունդդ շնորհավո՜ր, սիրելի՛ Սոս Սարգսյան:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը