«Սուպեր մամա» կատակերգությանը ESem.am-ն արդրադարձել է: Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Անի Խաչիկյանի, Արման Նավասարդյանի, Անդրանիկ Հարությունյանի, Ռաֆայել Երանոսյանի, Լևոն Հարությունյանի, Արմինե Պողոսյանի, Արման Մարտիրոսյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի նաև ԱՄՆ-ում:
Ֆիլմի գլխավոր դերակատար և պրոդյուսեր Հայկ Մարությանը ESem.am-ին հայտնեց, որ «Սուպեր մամայի» ամերիկյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 14-ին: Այդ առիթով Հայկն առաջիկայում կմեկնի Միացյալ Նահանգներ: «Առիթից օգտվելով կհանդիպեմ նաև մեր համայնքի ներկայացուցիչներին: Կշփվեմ, կզրուցեմ նրանց հետ, ինձ համար շատ հետաքրքիր են այդ հանդիպումները»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ԱՄՆ-ում մի քանի օր կանցկացնի:
Ըստ Հայկի՝ ԱՄՆ-ում իրենց գործընկերներն արդեն իսկ հայտնել են, որ գոհ են արդյունքներից, գովազդից անմիջապես հետո լսարանը մեծ ակտիվություն է ցուցաբերել:
Դերասանի կարծիքով՝ ֆիլմը շահեկան է, քանի որ այստեղ համադրված են հումորը և սոցիալական խնդիրները: Ըստ նրա՝ անկախ այն բանից, որ այդ սոցիալական խնդիրները տեղական բնույթի են, «Սուպեր մաման» կհետաքրքրի նաև սփյուռքահայերին:
«Մեր հայրենակիցները շատ ուշադիր հետևում են Հայաստանի ներքին կյանքին, ավելի շատ, քան այստեղ ապրողները: Ներկայացումները դրսում խաղալիս նկատել եմ, որ տարբերություն չկա, ավելին՝ հաճախ նրանց արձագանքն ավելի բուռն է լինում: Կարծում եմ՝ նաև կարոտի խնդիր կա»,- նշեց նա:
Հայկից տեղեկացանք, որ նախատեսում են ֆիլմը ցուցադրել այլ երկրներում ևս: «Այժմ բանակցություններ ենք տանում ֆիլմը Ռուսաստանի Դաշնությունում ցուցադրելու համար: Ընդ որում՝ ցուցադրություն կկազմակերպվի ոչ միայն Մոսկվայում, այլև հայաշատ այլ քաղաքներում: Բանակցություններ կան այն նաև Եվրոպայում՝ մասնավորապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում ցուցադրելու վերաբերյալ: Հնարավոր է՝ ֆիլմն այլ երկրներում էլ բանակցություններ սկսենք»,- ասաց Հայկը:
Դերասանը ոգևորությամբ նշեց, որ «Սուպեր մամայի» գրանցած արդյունքը գերազանցել է իրենց սպասելիքները: «Մենք սպասումներ ունեինք, գիտեինք, որ նախագիծը լավն է, սակայն այսպիսի արդյունքի չէինք սպասում: Ամբողջ աշխարհում ֆիլմի ցուցադրությունից մեկ-երկու շաբաթ անց հետաքրքրության անկում է լինում:
Այս դեպքում ճիշտ հակառակն է. մենք բումային ցուցանիշով տվեցինք մեկնարկը, ու այն շարունակ աճում է: Կարելի է ասել՝ ֆիլմը բացառիկ է, քանի որ արձագանքը միայն դրական է: Այն դիտողներն իրենց ընկերներին, բարեկամներին են բերում ֆիլմը դիտելու»,- ընդգծեց դերասանը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը