Բարեկամները, հարազատները, ընկերներն ու պարզապես Լևոն Անանյան մտավորականի և գրողի երկրպագուները մեծ սիրով են հիշում Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահին: Գրողների միությունում հոկտեմբերի 22-ին անցկացվեց անվանի մտավորականի հիշատակին նվիրված երեկո: Ելույթ ունեցողները կարևորեցին Լևոն Անան յանի գործունեությունը և կատարած աշխատանքը:


Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Լևոն Անանյանը երբեք չէր մտածում գնահատվելու կամ չգնահատվելու մասին: «Մենք երկար տարիներ միասին ենք աշխատել՝ սկսած «Գարուն» ամսագրից: Լևոնը զուգահեռաբար հրապարակախոսական գործունեություն էր ծավալում: Նրա՝ ամսագրի խմբագիր դառնալը համընկավ Հայաստանի անկախության և դժվար տարիների հետ: Ամսագիր պահելը դժվար գործ էր, և Լևոնը մեծ ջանք ներդրեց այն պահպանելու համար»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

 

 

 

ՀԳՄ նախագահը նշեց, որ շատ գրական տոներ և միջոցառումներ վերացել էին, իսկ Լևոն Անանյանը վերականգնեց դրանք: Բացի այդ, նրա խոսքով` Լևոն Անանյանի շնորհիվ բազմաթիվ գրքեր են հրատարակվել, հանրապետական և միջազգային փառատոններ են կազմակերպվել, և համագործակցություն է հաստատվել տարբեր երկրների գրողների միությունների հետ:

 

Լևոն Անանյանի որդին՝ պատմաբան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ իր հոր ներկայությունը զգում է ամենուր: «Ամեն օր փորձում եմ իմ աշխատանքում, ստեղծագործական գործունեության մեջ հետևել այն պատգամին, որ նա թողել է: Նա ինձ համար ոչ միայն հայր էր, այլև ընկեր, խորհրդատու, մի մեծ տիեզերք:

 

Միշտ դժվար է խոսել հոր մասին, այն մարդու մասին, ով քեզ փոխանցել է արժեքներ, դաստիարակել, սերմանել է սեր դեպի գեղեցիկը և գրականությունը, հայրենասիրությունը: Եվ միևնույն ժամանակ շատ հեշտ է, որովհետև ֆիզիկական բացակայությունը լրացվում է հոգևոր ներկայությամբ»,- նշեց Արամ Անանյանն՝ ընդգծելով, որ Լևոն Անանյանի ստեղծագործական ժառանգությունը շարունակվում է դրվել ընթերցողի սեղանին:

 

 

 

Հրապարակախոս Կարինե Խոդիկյանն էլ նշեց, որ 23 տարվա ընկեր է կորցրել, և կարիք ունի լսել Լևոնի խոսքը: «Լևոն Անանյանի «Գարուն»-ը մնաց իր ժամանակի ամենահետաքրքիր գրական վկայություններից մեկը: Լևոնը ստեղծագործող անհատ էր, ուր էլ գնար` կյանքը եռում էր, բոլորն անհանգիստ վազվզում էին»,- նշեց նա:

 

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև Լևոն Անանյանի հիշատակին նվիրված` երիտասարդ ստեղծագործողների ամենամյա մրցանակաբաշխությունը: Պոեզիայի անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արամ Մամիկոնյանը: Երկրորդ և երրորդ մրցանակներն ստացան Լուսինե Եղյանը և Հարություն Հովակիմյանը: Արձակի անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արթուր Նիկոյանը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակներին՝ Նորայր Սարգսյանը և Լիլիթ Կարապետյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին հատվածներ Լևոն Անանյանի գործերից:

 

 

 

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ.` ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականութ յան մի շարք ստեղծագործություններ։

 

2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ ։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն էր 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում կնքել է իր մահկանացուն: