Ադրբեջանում դեռեւս խորհրդային տարիներից սկսած կեղծում են պարսկական գրականությունն ու մշակույթը` ներկայացնելով այն որպես ադրբեջանական: Օրերս պարզ է դարձել, որ Ադրբեջանում կեղծել են նաեւ 20-րդ դարի իրանցի բանաստեղծ Մուհամեդ Հուսեին Շահրիյարի ստեղծագործությունները` վերագրելով նրան Ադրբեջանի վերաբերյալ արտահայտություններ, որոնք իրականում գոյություն չունեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական modern.az կայքին հայտնել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, Շահրիյարի ստեղծագործությունների հետազոտող Ասգեր Ֆարդին:
Բաքվի հրատարակություններում հանգուցյալ Մուհամեդ Հուսեին Շահրիյարի բանաստեղծությունների աղավաղումները բավական ժամանակ է, որ դարձել են Իրանի բանասերների եւ շահրիյարագետների քննարկումների հիմնական թեման: Նրանք պնդում են, որ այդ աղավաղումները սկսվել են դեռեւս խորհրդային ժամանակներում:
Իրանում անցկացված «Ազգային բանաստեղծության օրերի» շրջանակում նույն բովանդակությամբ մեղադրանքներ են հնչեցվել Շահրիյարին նվիրված միջոցառման ժամանակ եւս: Թավրիզցի բանաստեղծ, «Կովկասի քարավան» գրքի հեղինակ Ջալալ Մուհամեդին հայտնել է վարպետ Շահրիյարի բանաստեղծությունները Ադրբեջանի Հանրապետությունում հերթական անգամ լրջորեն աղավաղելու մասին:
«Վարպետ Շահրիյարին վերագրվող «Ադրբեջան» բանաստեղծությունն առաջին անգամ հունվարի 20-ի իրադարձություններից հետո լսել եմ ժողովրդական արտիստ Միքայըլ Միրզաեւից: Ակնհայտ է, որ գրիչն ու ոճը Շահրիյարին չեն պատկանում: Սա Ադրբեջանից ժամանած ներկայացուցչական պատվիրակության ուշադրությանը ներկայացվել էր նաեւ 1992 թվականին` բանաստեղծի Թեհրանում անցկացված տարեդարձի արարողության ժամանակ: Ամենայն հավանականությամբ կեղծ «Ադրբեջան» բանաստեղծության հեղինակը հենց Ֆիքրեթ Սադըգն` ինքն է: Ճիշտ է, նա ասում է, որ այդ բանաստեղծությունն իրեն տվել է պրոֆեսոր Ահմեդ Շաֆաին: Կովկասի հետ կապված իմ վավերագրական ֆիլմի նկարահանման ընթացքում Շաքիի «Մարխալ» հանգստյան կենտրոնում եւս հանդիպեցի Ֆիքրեթ Սադըգի հետ: Նրա հետ այս հարցի շուրջ ընդարձակ զրույց ենք ունեցել, եւ այն ժամանակ նա ինձ դրա շուրջ եղած որոշ նպատակներ է խոստովանել», -ասել է Ասգեր Ֆարդին:
«Ափսոս, որ այս բանաստեղծության կեղծ տեքստի հետ կապված Ադրբեջանի Հանրապետությունում դեռեւս ոչ մի քայլ չի արվում, եւ անձամբ ինձ տրված խոստումները չեն իրականանում: Հանգուցյալ բանասեր-գիտնական, պրոֆեսոր Յաշար Գարաեւը դեռ 20 տարի առաջ խոստացել էր հրատարակություններից հանել այս բանաստեղծությունը: Այն ժամանակ նա ինձ ասաց, որ լավ է, որ իրենց ուշադրությանն եմ հասցրել բանաստեղծության կեղծ լինելը, թե չէ այն պետք է դարձնեին Ադրբեջանի ազգային հիմնը» -ասել է Ֆարդին` նշելով, որ Շահրիյարի ստեղծագործությունները կեղծողների շարքում կարելի է նշել ադրբեջանցի «գրականագետներ» Գուլամհուսեին Բեգդելիին, Համիդ Մամեդզադեին, Միրզա Իբրահիմովին, Նազիմ Ռիզվանին, Ջամիլա Շուքյուրովային:
«Ես ուղիղ 13 տարի` մինչեւ նրա վախճանվելը, ծառայել եմ Շահրիյարին եւ դասեր առել նրանից: Բաքվում հանգուցյալ բանաստեղծին վերագրվող բազմաթիվ բանաստեղծություններ իրականում կեղծ են: Այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության միջնակարգ դպրոցի դասագրքերում ուսուցանվող մի բանաստեղծություն: «Հոգուս թռչունն անգամ մի պահ թեւ չի առնի առանց քեզ, Ադրբեջան: Ուրախ օրերդ երբեք չեն հեռանում մտքիցս, Ադրբեջան» տողերով սկսվող այս բանաստեղծությունը ոչ մի կապ չունի Շահրիյարի հետ: Դրա պարսկերենով գրված լինելն ու իբր Ֆիքրեթ Սադըգի կողմից թարգմանվելը բացահայտ սուտ է», -նշել է նա:
«Բայադե Ազերբայջան» (Ադրբեջանը հիշելիս) անվամբ այդ բանաստեղծությունը ներառվել է Շահրիյարի պարսկերեն բանաստեղծությունների հավաքածուի առաջին հատորում: Դասագրքերում բերված «Ադրբեջան» բանաստեղծության կեղծված լինելու մասին ժամանակին Բաքվում եղածս ժամանակ հայտնել եմ արեւելագետ-գիտնական Ռուստամ Ալիեւին, հանգուցյալ Բախտիյար Վահաբզադեին, Անարին եւ Գասըմ Գասըմզադեին», -նշել է Ֆարդին:
Կայքի ընթերցողներից մեկի` հոդվածի շուրջ մեկնաբանության մեջ նշվում է, որ Շահրիյարի` Բաքվում հրատարակված «Սուտ աշխարհ» ժողովածուում ներառված «Մի գնա, քրիստոնյայի ձագ» բանաստեղծությունը եւս տարբերվում է բնագրի տարբերակից:
Վերջին տարիներին Իրանի և Ադրբեջանի միջեւ հարաբերություններում մշակութային եւ պատմական հարցերի շուրջ լուրջ անհամաձայնություններ են դիտվում: Իրանական կողմի պնդմամբ` պարսկական գրականության դասական Նիզամի Գյանջեւիին եւս ներկայացնելով որպես ադրբեջանական բանաստեղծ, Ադրբեջանը յուրացնում է նաեւ իրանական երաժշտական գործիքները եւ ազգային խաղերը:
Իրանական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի հանդեպ Ադրբեջանի «մշակութային» ոտնձգությունները տարածքային նկրտումների ձեւ են ստացել:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Նիզամի Գայնջեւիին նվիրված հավաքներին հրավիրում են Իսրայելի նախկին վարչապետին, ոչ թե իրանցի մասնագետների:
Ամերիկյան CNN հեռուստաալիքն էլ պատմել էր իրանական ճոկան ազգային խաղի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին: