«Մոսկվայի տանը», Մոսկվայի քաղաքային կառավարության և արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ, բացվել է «Աշխարհն առանց պատերազմի» մանկական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ: Այս մասին հոկտեմբերի 21-ին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մոսկվայի տուն» մշակութագործարար կենտրոնը:
Մրցույթին մասնակցել է երևանյան գեղարվեստի դպրոցներից 10-12 տարեկան 40 սան: Մրցույթի մասնակիցները ներկայացնում էին Սարյանի անվան գեղարվեստի դպրոցը, Էսթետիկայի ազգային կենտրոնը, Հակոբ Կոջոյանի և Մինաս Ավետիսյանի անվան դպրոցները: Աշխատանքները նախօրոք ընտրվել էին դպրոցներում: Ժյուրիի կազմում էին նույն դպրոցի ուսուցիչները:
Մրցույթի հաղթող դարձան Ազգային էսթետիկայի կենտրոնը ներկայացնող 10-ամյա Անժելինա Եգինյանը և Հ. Կոջոյանի անվան դպրոցը ներկայացնող 12-ամյա Տարոն Մուրադյանը, ովքեր նոյեմբերին կմեկնեն Մոսկվա: Իրենց համար նախապատրաստվել է հատուկ մշակութային ծրագիր:
Բացի այդ, ժյուրին հատուկ մրցանակ է հանձնել Սարյանի անվ. դպրոցը ներկայացնող 10-ամյա Էլիզա Սիմոնյանին, ում պարգևատրեցին գովասանագրով և մակուկների կողմից պատկերազարդված Աստվածաշունչով: