Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» վերնագիրը կրող գիրքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Գիրքը լույս է տեսել օրեր առաջ: Այն տպագրել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը՝ 250 օրինակ տպաքանակով:


«Նախորդ տարի մենք մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի առթիվ կազմակերպել էինք միջազգային կոնֆերանս՝ «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով, որին մասնակցեցին հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից և երաժշտագետներ Հայաստանից: Կոնֆերանսի բոլոր նյութերն ամփոփվել են այս գրքում: Ուրախ եմ, որ գիրքը մեր սեղանին է: Մինչև տարեվերջ մենք կկազմակերպենք գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են բոլորի ելույթներն այն լեզուներով, որոնցով մասնակիցները հանդես են եկել: Այն պարունակում է նաև բացառիկ լուսանկարներ թանգարանի արխիվից և կոնֆերանսից»,-նշեց Արմինե Գրիգորյանը:

 

Ճանաչված և սիրված հայ կոմպոզիտոր, 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի 110-րդ հոբելյանը նախորդ տարի նշվեց բազմաթիվ միջոցառումներով: Հոբելյանական միջոցառումներ անցկացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում:

 

Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: