ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մոհամմադ Ռեիսիին:  Ողջունելով հյուրին՝ ՀՀ մշակույթի նախարարը գոհունակությունն ու շնոր­հակալությունն է հայտնել հայ-իրանական մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպա­նության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար:


Երկու կողմերն էլ կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրը և վերահաստատել համագործակցությունը շարունակելու պատրաստա­կամու­թյունը: Կողմերը կարևորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ոչ նյութական մշակու­թային ժառանգության պահպանութ­յան ոլորտում համատեղ հայտեր ներկայացնելու հարցը:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջընթաց է նկատվել կինո­³րտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ. ունենք առաջին համատեղ նախագիծը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջա­նակներում նախանշվող միջոցառումներին՝ ՀՀ մշակույթի նախարարը տեղե­կաց­րել է, որ 2015 թվականին Հայաստանը հնարավորինս ակտիվ ներկայացված կլինի Իրանում տեղի ունեցող միջազգային հարթակներում՝ փառատոններ, ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառ­ներ և այլն:

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ մոտ օրերս Երևանում կանցկացվի «Իրանական կինոյի շաբաթ»: Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Ատրպատականի Հայոց թեմական խորհրդի կազմում գործող պարային խումբը և երգչախումբը ցանկանում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Նախատեսվում է, որ նրանք համերգներով հանդես կգան նաև Սյունիքի մարզում: ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է նախագծի իրականացումը, քանի որ այն կնպաստի սահմանամերձ բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացմանը:

 

Հանդիպման ավարտին հաջողություն մաղթելով հյուրին՝ Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ երկկողմ մշակութային հարաբերություններն այսուհետև էլ կշարունակվեն բարձր մակարդակով: