Հայաստանի հանրային հեռուստաընկերության ‹‹Դեռ ցնցվող հիշողություն›› ֆիլմը (հեղինակ՝ Անժելա Ֆրանգյան) ընդգրկվել է ‹‹Արփա›› միջազգային ամենամյա կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում և կցուցադրվի Հոլիվուդի Եգիպտական թատրոնում: Ֆիլմը հայ ժողովրդի չսպիացած վերքերից մեկի՝ Սպիտակի երկրաշարժի մասին է. դեկտեմբերի 7-ը ճակատագրական եղավ շատերի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, 1997 թ. հիմնադրված կինոփառատոնն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-16 -ին:
Կինոփառատոնի հիմնական առաքելությունն է ստեղծել համապատասխան միջավայր միջազգային կինոյի զարգացման համար: Այն խնդիր է դրել հանդիսատեսին ներկայացնել մարդկային յուրօրինակ պատմություններ և ճակատագրեր, որոնց ֆիլմի հեղինակները հանդիպում են հարափոփոխ աշխարհում:
‹‹Արփա››-ն ներկայացնում է այն ռեժիսորների աշխատանքները, որոնք կարողանում են ընկալել ազգային տարբեր առանձնահատկություններ եւ աջակցում է այն մարդկանց, որոնք ուսումնասիրում են սոցիալական եւ մշակութային թեմաներ: