Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում հյուրընկալել են իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Քոլեջի սաները Մոնսերատ Կաբալյեին ծաղիկներով ու ծաղկեփնջերով են դիմավորել, որից հետո նրան ուղեկցել են երաժշտական կրթօջախի նորակառույց մասնաշենքում նրա անվամբ բացված երգեցողության մասնագիտացված դասարան։
Այնուհետև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը շնորհակալություն հայտնելով Մոնսերատ Կաբալյեին այցի համար՝ հույս են հայտնել, որ այն խթան կհանդիսանա Արցախում օպերային երգեցողության զարգացման համար, քանի որայդ առումով առկա են համապատասխան տվյալներ և ներուժ։ Երգչուհին հավաստիացրել է, որ կաջակցի Արցախում օպերային արվեստի զարգացմանն ուղղված բոլոր մտահղացումներին։ «Առաջիկայում բոլորը կլսեն ձեր օպերային երգի մասին, և կիրականան ձեր բոլոր հույսերը»,- ասել է Մոնսերատ Կաբալյեն։
Սայաթ Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի սաների կատարմամբ երգչուհու ունկնդրությանն են ներկայացվել աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններ: Քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը տեղեկացրել է, որ Մոնսերատ Կաբալյեն վարպետության դասեր կանցկացնի քոլեջի՝ իր նախընտրած ուսանողների համար: