ESem.am-ին հայտնի է դարձել, որ երեկ, լույս աշխարհ է եկել երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի առաջնեկը:)
Ավելի վաղ զույգը «Բարև, ԵՍ եմ...» ամսագրին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ երկմտում է անվան ընտրության հարցում: Հռիփսիմեն ցանկանում էր որդուն անվանակոչել Լեո, Մարտինը՝ Նարեկ: Ծնողները որոշել էին տեսնել երեխային ու տեղում ընտրություն անել: Ի վերջո նրանք փոքրիկին տվել են Լեո անունը:
Հղիության վերջին շրջանում Հռիփսիմեն գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ էլ ծնվել է փոքրիկը, իսկ ահա Մարտինն այժմ Մոսկվայում է, սակայն առաջիկա չվերթով պատրաստվում է մեկնել ԱՄՆ:
ESem.am-ը զրուցեց Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով զրույցի պահին նորաթուխ հայրիկի կողքին էր. երգիչը զբաղված էր փոքրիկի մասնակցությամբ առաջին վիդեոները դիտելով և կնոջ հետ սկայպով խոսելով:
«Փառք Աստծո, ծննդաբերությունը շատ լավ է անցել: Ե՛վ Հռիփսիմեն, և՛ երեխան շատ լավ են: Մեր տղան 4 կգ-ից ավելի է կշռում»,- ոգևորությամբ ասաց Արմինը, ով իրեն համարում է փոքրիկի հորեղբայրը:
Ըստ Արմինի՝ փոքրիկը նման է թե՛ հայրիկին, թե՛ մայրիկին, թեև հայրիկի գենը մի փոքր գերակշռում է:) «Երկուսին էլ նման է, Մարտինն ու Հռիփսիմեն բավականին նման են միմյանց, իսկ երեխան նրանց մի մասնիկն է: Թեև կարծում եմ՝ Մարտինին մի փոքր ավելի նման է: Համենայն դեպս՝ առաջին տպավորությամբ այդպես էր»,- նշեց նա: