Այս տարի Վրաստանի բնակիչների ամենասիրելի տոներից մեկը՝ Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբան», մայրաքաղաքում տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ 26-ին, լրագրողներին հաղորդել է Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան և խոստացել, որ այս տարվա միջոցառումները «բնակչության հիշողության մեջ երկար կմնան», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:   

 

«Այս տարի «Թբիլիսոբայի» ընթացքում ակտիվություն կլինի ոչ միայն քաղաքի կենտրոնական շրջաններում: Միջոցառումներ տեղի կունենան բոլոր տասը շրջաններում»,- հայտարարել է Նարմանիան: Քաղաքապետի խոսքով՝ ներկայիս Քաղաքի օրն աչքի կընկնի նաեւ մի քանի կարեւոր նորամուծություններով, որոնցից մեկը Գինու փառատոնն է,  դրա կազմակերպանը մասնակցում է Վրաստանի գինեգետների ասոցիացիան:      

 

Եվս մեկ նորամուծություն է «Թբիլիսիի մասին հոգացողը» տիտղոսի սահմանումը. այս անվանակարգի հաղթողները տոնի շրջանակներում կպարգեւատրվեն հատուկ մրցանակներով: Զուգահեռաբար կկայանա պատվավոր թբիլիսցու տիտղոսի հանձնման ավանդական արարողությունը,  թեկնածուների ընտրությամբ արդեն զբաղվում է հատուկ հանձնաժողովը: