Աշխարհի 40 երկրներից ժամանած 3,7 հազարից ավելի արտիստներ են մասնակցում Մեքսիկայում անցկացվող «Սերվանտինո» արվեստների միջազգային 42-րդ փառատոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն հոկտեմբերի 8-ին բացվել է երկրի կենտրոնական շրջանի Գուանախուատո քաղաքում:

 

«Սերվանտինո»-ն, որը Լատինական Ամերիկայի ամենանշանավոր մշակութային տոներից մեկն է, մինչեւ հոկտեմբերի 26-ը կանցկացվի Գուանախուատոյի բոլոր թատրոններում ու համերգասրահներում: Այդ ժամանակաընթացքում հանդիսատեսները կկարողանան այցելել 685 տարբեր մշակութային միջոցառումների: Ներկայիս փառատոնի պատվավոր հյուրն է դարձել Ճապոնիան:

 

Վաղուց հաստատված ավանդույթի համաձայն՝ արտիստները հանդես կգան ոչ միայն թատերական բեմահարթակներում, այլեւ հնագույն քաղաքի զբոսայգիներում ու փողոցներում, քաղաք, որը 1988 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Է մարդկության մշակութային ժառանգություն: 

 

Փառատոնի ընթացքում իրենց ստեղծագործությունները կներկայացնեն երաժշտության, թատրոնի, պարի, գեղանկարչության եւ գրականության վարպետները՝ ներկայացնելով գրեթե բոլոր ոճերը: Գուանախուատոյում կազմակերպվել են ժողովրդական արհեստագործական իրերի ցուցահանդեսներ, որոնք պատրաստված են Մեքսիկայի տարբեր նահանգներում գոյություն ունեցող հին ավանդույթների հիման վրա: Բացի բեմադրություններից ու համերգներից, քաղաքում կկազմակերպվեն նաեւ բազմաթիվ ցուցադրանքներ, ֆիլմերի ցուցադրություն, մեքսիկական խոհանոցի ճաշատեսակների համտեսում, սեմինարներ ու բանավեճեր:

 

Մշակութային համաժողովի կազմակերպիչների կանխատեսումների համաձայն՝ փառատոնի շրջանակներում սպասվում է ավելի քան 400 հազար մարդու այցելություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: