«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, Հառիճավանքում, հոկտեբերի 8-ին հոգևոր համերգով նշեց Կոմիտասի-145 ամյակը: Հայ մեծ երգահանին, երգչին ու  վարդապետին նվիրված հոգևոր համերգը կազմակեպել էր  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան՝  Հայ Առաքելական Եկեղեցու Արթիկի թեմի հետ համատեղ:

 

Հառիճավանքի ընտրությունը պատահական չէր. 1905 թվականին, տենդով հիվանդ Կոմիտասը որոշում և գալիս է Հառիճ՝ ապաքինվելու, սակայն միայն  ապաքինվելը չեղավ մեծ վարդապետի Հառիճում մնալու նպատակը՝ նա այստեղ գրի է առնում 34 նոր երգ, զտում հները: Որոշ տեղեկությունների համաձայն՝  առաջին  մեծ երգչախումբը Կոմիտասը ևս ձևավորում է Հառիճում:

 

Հառիճավանքում  հոգևոր համերգը մեկնարկեց ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ:Հոգևոր առաջնորդը նախ ողջունեց այս նախաձեռնությունը՝ կարևորելով Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումը հենց Հառիճում նշելու գաղափարը՝ նախաձեռնության համար իր բարձր գնահատականն ու շնորհակալությունը  բերելով  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ: Հովակիմ սրբազանն իր խոսքում նաև հույս հայտնեց, որ այս համերգը միակը չի լինի, այլ պարբերական կդառnա:

 

Այս անգամ փոքրիկ երգիչների երգացանկում  դասականն ու հոգևորն էր՝ կոմիտասյան կատարումների հետ զուգահեռ հնչեցին Մաշտոցի, Կլայեցու, Եկմալյանի, Կոդալի, Ալ. Հաորությունյանի, Հայաջյանի, Ներսես Շնորհալու, Վահրամ Սարգսյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Սակայն  այս ամենով անակնկալները չավարտվեցին՝ համերգի ավարտից հետո, եկեղեցու բակում  Հայաստանի փոքրիկ երգիչների նորաստեղծ «Զանգակներ»-ն էին: Այս անգամ երգչախմբի կատարումներն ուղեկցվեցին թավջութակի և շվիի մեղեդիներով:

 

«Սա առաջին նմանատիպ համերգն էր, բայց նպատակ կա այն  ոչ միայն  դարձնել պարբերական, այլ նաև փառատոն, որը միշտ անցկացվելու է այստեղ՝ Հառիճում: Սա նաև ճանաչողական   գերազանց հնարավորություն է. այսօր այս համերգին հրավիրված են շատ հյուրեր՝ դեսպանատներից, միջազգային  կառույցներից, հայտնի արվեստագետներ, բժիշկներ, մշակույթի գործիչներ: Համերգի մասնակիցներից  շատերը ոչ միայն չէին լսել Կոմիտասի Հառիճավանքում լինելու մասին, այլ նաև տեղյակ չէին Հառիճի մասին: Այնպես որ, սա նաև լավ հնարավորություն է այս հրաշք համալիրը ներկայացնելու»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայատանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տնօրեն Տաթևիկ Հարությունյանը:

 

Արմենուհի Մխոյան