Ռեժիսոր Արսեն Ասլանյանը հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Մեր Երևանը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոնկարի պրեմիերային մասնակցեցին պաշտոնյաներ, կինոյի ասպարզում հայտնի ու պրոֆեսիոնալ մասնագետներ:


Ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կինոնկարի սցենարի հեղինակը երջանկահիշատակ Մարկ Պետրոսյանն է, պրոդյուսերը` Արմեն Հայրապետյանը:

 

« «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմից հետո շատերն ինձ ասացին, որ վաղուց չեն տեսել, թե Երևանն ինչ վիճակում է: Ես հասկացա, որ երկար ժամանակ Երևանի մասին ֆիլմ չի եղել: Այսօր Երևանի մասին 150-ից ավելի երգ կա, բայց շատ քիչ ֆիլմ: Եվ ես որոշեցի նկարել այս կինոնկարը»,- նշեց Արսեն Ասլանյանը:

 

Նա հույս հայտնեց, որ շատերը կդիտեն կինոնկարը և կտեսնեն Երևանը: «Ֆիլմով նպատակ ունեմ ոչ միայն սփյուռքին ներկայացնել մեր քաղաքը, այլև ցանկանում եմ այս ֆիլմով խթանել զբոսաշրջության զարգացումը: Այն, կարծես, զբոսաշրջային այցեքարտ կդառնա»,- նշեց ռեժիսորը:

 

Արսեն Ասլանյանի խոսքով՝ ինքը ֆիլմի վրա աշխատել է երեք տարի: «Ինձ աջակցել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի նախարարությունը և «Մապ» ընկերությունը: Ինչպես նաև իմ ընկերները»,- նշեց նա:

 

Ցանկացողները կարող են կինոնկարը դիտել «Մոսկվա» կինոթատրոնում: