Ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը Մոսկվայում է: Հոկտեմբերի 3-ին անվանի երաժիշտը համերգ կտա  ՌԴ մայրաքաղաքի «Կրոկուս սիթի հոլ» դահլիճում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազնավուրը նշեց, որ համերգին հատուկ չի պատրաստվում և ձայնն էլ հատուկ չի պատրաստում, իսկ անձնակ ան երջանկության բանաձևը լավ ընտանեկան կյանքն է:


Մեծն շանսոնյեն սպորտով չի զբաղվում, ոչ միշտ է հաջողվում օրը երեք անգամ ուտել, սնվում է նախաճաշին և ճաշին, և չի ընթրում, չի օգտվում սննդի արագ սպասարկման կետերից: Ապրում է որպես սովորական մարդ, շատ է ծխում: Խուսափում է այնպիսի բաներից, որոնք չի կարելի անել 50 տարեկանից հետո և անում է այն, ինչը կարևոր է, օրինակ` ուղիղ պահել մեջքը:

 

«Յուրքաքանչյուրը պետք է հավասարակշռությունը գտնի իր ներսում, պետք է կառավարենք ինքներս մեզ եւ և գիտակցենք, որ տարիքը որոշ բաներ թույլ չի տալիս: Բնավ պարտադիր չէ դիմել պլաստիկ վիրաբուժության»,- նշեց Ազնավուրը:

 

Ռուս լրագրողն ասաց, որ երբ Ֆրանսիայում է եղել, Ազնավուրի 1965թ. ձայնասկավառակն է գնել որպես հուշ ու հարցրեց, թե ինչ է պատրաստվում շանսոնյեն իր հետ տանել Ռուսաստանից: Մեծ արվեստագետը պատասխանեց, որ խանութներով չի շրջել և չգիտի, թե ինչ է իր հետ տանելու: Նրա համոզմամբ` «շոփինգը» (խանութներով զբոսնել և գնումներ կատարել) հատուկ սպորտաձև է: Ազնավուրն սկզբունք ունի` «երբ գումար ես աշխատում, պետք է այն ծախսես»: «Այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, ցույց է տալիս, որ բռնությունը շատ է. եւ պետք է կենտրոնացնել մեր ուժերը, լինել ուժեղ` դեմ դուրս գալու բռնություններին»,- ասաց նա` եզրափակելով ռուսական լրատվամիջոցների հետ կես ժամ տևած ասուլիսը:

 

Մոսկվայում համերգը տեղի կունենա Ազնավուրի հոբելյանական շրջագայության շրջանակներում` նվիրված մաեստրոյի 90-ամյակին:

 

Երկար տարիների մասնագիտական գործունեության ընթացքում Շառլ Ազնավուրը հեղինակել է 1200 երգ, հազարից ավելի համերգներ է տվել և նկարահանվել տասնյակ ֆիլմերում: 1988 թվականին «Թայմ» ամսագրի և CNN հեռուստաընկերության կողմից անցկացված համաշխարհային հարցման արդյունքներով` Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: