Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ, «Պոլսի աչք» մականունն ստացած Արա Գյուլերը ծավալուն հարցազրույց է տվել «Հուրիեթ» պարբերականի լրագրողին, որում անդրադարձել է ինչպես իր կյանքին, այնպես էլ իր արած հայտնի լուսանկարների պատմությանը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյուլերը պատմել է, որ իր մայրն ու հայրը հայեր են եղել: Մայրը հարուստ ընտանիքի զավակ է եղել, իսկ հոր ամբողջ ընտանիքն անհետացել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Չնայած դրան` հայրը հաջողակ դեղագործ է եղել, ով 4-5 դեղատուն է ունեցել Ստամբուլում, իսկ 1956 թվականին դարձել է Թուրքիայի գլխավոր դեղագործը: «Այն ժամանակ այստեղի հայերը ֆրանսիական ընտանիքների պես էին ապրում: Ինտելեկտուալ միջավայր կար:

 

Մեզից ամեն մեկն առնվազն 2-3 լեզվով էր խոսում: Ինձ էլ մշտապես լավագույն դպրոցներ էին տանում: Թո ւրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն գիտեմ»,- նշել է Գյուլերը` չցանկանալով թվարկել իր իմացած մյուս լեզուները: Այդուհանդերձ, ապագա լուսանկարիչն այդքան էլ չի սիրել սովորել և երեք անգամ մնացել է նույն դասարանում, ինչի կապակցությամբ նշում է. «Եթե ինձ հարցնես, կասեմ, որ եթե մարդ նույն դասարանում չմնա, նա մարդ չի դառնա»:

 

Խոսելով արդեն իր լուսանկարների պատմության մասին` Գյուլերը պատմել է, որ անգամ Սոֆի Լորենի գեղեցկությունը ոչինչ էր մի իտալացի կնոջ`Անտոնելա Ռինալդիի գեղեկցության առաջ, ում նա համարում է իր լուսանկարած ամենահիասքանչ կինը: Անդրադառնալով արդեն իր արած` Սոֆի Լորենի լուսանկարներին, նա ներկայացրել է, թե ինչպես մի անգամ Կաննի կինոփառատոնի ժամանակ Լորենի և նրա ամուսնու հետ, նրանց ընկերը ձևանալով և չասելով, որ մասնագիտությամբ լուսանկարիչ է, բարձրացել է մինչև դերասանուհու հյուրանոցային համարը, որտեղ էլ նրան լուսանկարել է: Երբ լուսանկարներն ուղ արկել է Ստամբուլ, պարբերականները սկսել են սկանդալային հրապարակումներ անել` գրելով. «Մեր լրագրողը` Սոֆիա Լորենի ննջարանում»:

 

Արա Գյուլերը պատմել է, որ ժամանակին հիվանդանոց ընկած Հորդանանի թագավոր Թալալին լուսանկարելու համար ինքն էլ հիվանդ է ձևացել և պառկել հիվանդանոցում: Սակայն լուսանկարելու բոլոր փորձերը ձախողվել են, և վախենալով թագավորի թիկնապահների սպառնալիքներից, ստիպված է եղել փախչել այնտեղից:

 

Պաբլո Պիկասոյին լուսանկարելու համար Գյուլերը երեք օր մնացել է նրա տանը: «Մի անգամ դառնալով ինձ` ասաց. «Այսքան ինձ լուսանկարում ես, ես էլ քո դիմանկարն եմ անելու»: Ապա մի մտածիր, դարի լավագույն նկարիչ Պիկասոն ինձ էր նկարելու, բայց նա արդեն 90-ն անց էր: Մտածելով, որ իր տված խոսքը հինգ րոպեից մոռանալու է, անմիջապես սկսեցի մաքուր թուղթ փնտրել: Ամենուր նայեցի, բայց չգտա: Ի վերջո գրադարանից մի գիրք վերցրի, բացեցի այն ու ուղղեցի Պիկասոյին: Եվ նա նկարեց, տակն էլ ստորագրեց: Թուրքիայում Պիկասոյի միայն մեկ բնօրինակ կա, այն էլ իմ տանն է»,- պատմել է Գյուլերը:

 

«Պոլսի աչքի» կյանքի հետաքրքիր դրվագներից մեկն էլ այն է եղել, թե ինչպես Սալվադոր Դալին իրեն 10 րոպե լուսանկարելու համար Գյուլերից պահանջել է վճարել 25 հազար ԱՄՆ դոլար: Այդուհանդերձ, Արային հաջողվել է համաձայնության գալ Դալիի հետ և լուսանկարել նրան առանց գումար վճարելու: