Բազմաթիվ մտավորականներ, պետական պաշտոնյաներ և Կոմիտասի արվեստի երկրպագուներ սեպտեմբերի 26-ին հարգանքի տուրք մատուցեցին վարդապետի հիշատակին: Նրանք այցելեցին Կոմիտասի այգու պանթեոն և ծաղիկներ դրեցին վարդապետի հուշարձանին, ունկդրեցին կոմիտասյան կատարումներ: Այցելության առիթը մեծանուն գործչի ծննդյան օրն էր: Իրադարձությամբ մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» փառատոնը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, խոսելով Կոմիտասի գորրծունեության մասին, կարևորեց իրադարձության անցկացումը.
«Այսօր մեր երաժշտական աշխարհի հոգևոր հորը նվիրված տոնակատարությունների սկիզբն է ազդարարվում: Մենք բոլորս գիտենք՝ այս տարի Կոմիտասը դարձավ 145 տարեկան: Եվ ահա հայոց մեծերի աճյուններն ամփոփող և մեզ համար սուրբ տարածքում նորից Կոմիտասի հետ ենք: Կոմիտասը հայոց մեծերից է»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգեց, որ Կոմիտասի այգու պանթեոնը ստեղծելիս առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել Կոմիտասի հանդեպ:
«Կոմիտասի շնորհիվ մենք հպարտորեն բարձր ենք պահում մեր գլուխը: Մարդ, որ ստեղծեց մեր կոմպոզիտորական դպրոցը, տվեց մեր արժեքներին հստակ գնահատական, վերադարձրեց մեզ մեր ինքնությունը: Դժվար է ասել, թե նա կոմպոզիտո՞ր էր, խմբավա՞ր, հասարակական գործի՞չ, գիտնակա՞ն, թե՞ Աստված: Մենք պետք է միշտ բարձր պահենք նրա անունը»,-նշեց նախարարը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Կոմիտասին բնորոշեց որպես մարդ, որ նվիրված էր իր գործին և երաժշտությանը: «Մարդ, որ ստեղծեց այն մեղեդային և հարմոնիկ միաձուլումը, որը նպաստեց հայ արվեստի զարգացմանը: Եթե ինչ-որ բան անում ես, պետք է նվիրված անես: Կոմիտասը հենց դա ապացուցեց մեզ»,-նշեց Արամ Սաթյանը:
Կոմիտասի 145-րդ հոբելյանը կնշանավորվի մի շարք իրադարձությունների անցկացմամբ: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը: Փառատոնի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունը իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ: Իրադարձության կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտության կենտրոնները:
Կոմիտասյան օրերի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պանթեոնում: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:
Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), դաշնակահար Արմեն Աղաջանյանը: