Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտաժողովի բացման օրը պատահական չի ընտրված սեպտեմբերի  26-ը, քանի որ հենց այսօր մենք նշում ենք մեծն Կոմիտասի ծննդյան օրը և 1961 թ. հենց այս ամսին Հովհաննես Չեքիջյանը եկավ Հայաստան և իր ողջ ներուժը ներդրեց Հայաստանում խմբավարական երաժշտության զարգացման մեջ: Այս մասին սեպտեմբերի 26-ին Հովհաննես Չեքիջյանի 85-րդ հոբելյանին նվիրված երկօրյա գիտական նստաշրջանի բա ցմանը ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


Երկօրյա գիտաժողովին, որի հիմնական մասը Երևանում կատարված բացումից հետո, կանցկացվի ԳԱԱ Արզաքանի նիստերի դահլիճում, մաեստրոյի կյանքի և ստեղծագործական ճանապարհին նվիրված գիտական ուսումնասիրություններով ելույթ կունենան ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատողները և հանրապետության տարբեր համալսարանների ներկայացուցիչներ:

 

«Այս գիտաժողովը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ ԳԱԱ-ում անցկացվող գիտաժողովն առաջին անգամ նվիրված է երաժշտի: Այնուամենայնիվ, այն անցնում է ԳԱԱ-ում ոչ միայն, որ Չեքիջյանի երգչախումբը ակադեմիական է, այլ նաև նկատի եւնենալով այն հանգամանքը, որ վերջին տարիներին Մաեստրոն սերտորեն կապված է գիտության հետ, հանդիսանում է Արվեստների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը:


Գիտաժողովի հանդիսավոր բացման արարողության ընթացքում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ԱրամՍաթյանը, խոսելով Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի` հայ խմբավարական արվեստում կատարած ներդրումի մասին նշեց , որ երաժշտությունը ճշգրիտ գիտություն է, որը պետք է մատուցվի ճշգրիտ կերպով, ինչն իր գործունեության ընթացքում արել է մաեստրոն:

 

«Երբ նայում ես երգչախմբի առջև կանգնած մաեստրոյի ձեռքի շարժումներին՝ տեսնում ես, թե ինչ է կատարվում բեմում, և երաժշտությունը ավելի պատկերավոր է դառնում մարդկային աչքերի համար: Շատ կարևոր է, որ այս տարիների ընթացքում նա հնչեցրել է սկսած Կոմիտասից մինչև երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները», - հավելեց Արամ Սաթյանը: