ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզում անցկացնում է ազգագրական երգի և պարի համույթների մարզային «Զարթնիր լաո...» փառատոնը, որի նպատակն է աջակցել մարզի պարային խմբերին, անհատ կատարողներին, ակտիվացնել համայնքների մշակութային կյանքը՝ ներգրավելով երիտասարդ սերնդին: 


Միջոցառումներն անցկացվում են Նոր Արթիկ, Սասունիկ և Ներքին Սասնաշեն համայնքներում, որտեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած՝ Մեծ եղեռնից փրկվածների ժառանգները, ովքեր պահպանում են ազգային մշակութային ավանդույթները: 


«Զարթնիր լաո...» փառատոնի նախապատրաստական փուլում այցելություններ են կազմակերպվել մարզի համայնքներ. անցկացվել են նախնական լսումներ, հավաքագրվել են փառատոնի մասնակից անհատ կատարողներ և պարային համույթներ: 


Երգի փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 6-ին, Նոր Արթիկ համայնքում, որին մասնակցել են 28 անհատ կատարողներ և մեկ երգչախումբ: Միջոցառումից առաջ մասնակիցները Թաթուլ գյուղում ծաղկեպսակ են դրել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին: 

 

Սեպտեմբերի 17-ին Սասունիկ համայնքում տեղի է ունեցել ազգագրական պարի փառատոնը, որին մասնակցել է Արագածոտնի մարզի 10 պարային խումբ: 

 

Փառատոնի ամփոփիչ փուլը կկայանա սեպտեմբերի 26-ին, Ներքին Սասնաշեն համայնքում: