Կոմիտասի 145-րդ հոբելյանը կնշանավորվի մի շարք իրադարձությունների անցկացմամբ: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը: Փառատոնի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունը իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ: Իրադարձության կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտո ւթյան կենտրոնները:


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Կոմիտասյան օրեր» փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ դժվար է գերագնահատել Կոմիտասի դերը երաժշտության զարգացման գործում:  

 

«Մշակույթի նախարարության այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Կոմիտաս-145» հոբելյանն է: Կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ: Մասնավորապես՝ կներկայացվի Կոմիտասի մասին պատմող ֆիլմ, կկազմակերպվեն գիտաժողով, մի շարք համերգներ: Իրադարձությունները կամփոփվեն տարեվերջին՝ մեծ համերգով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:  


Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, խոսելով «Կոմիտասյան օրեր» փառատոնի մասին, նշեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է վարդապետի ծննդյան օրը՝ հին և նոր տոմարներով:

 

Կոմիտասյան օրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները և երաժշտասեր հասարակությունը հարգանքի տուրք կմատուցեն մեծ կոմպոզիտորի շիրմին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:

 

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), նվագակցող՝ Արմեն Աղաջանյան (դաշնամուր):

 

 «Փառատոնն իր առջև նպատակ է դրել ներկայացնել Կոմիտասին այնպիսին, ինչպիսին որ կա: Այս օրերին հնչելու են միայն կոմիտասյան բնագրեր: Փառատոնի ընթացքում հանդես կգան տարբեր կոլեկտիվներ»,- նշեց Մհեր Նավոյանը:

 

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյաննն էլ ցավով նշեց, որ այն գոհարը , որ Կոմիտասն է ստեղծել , հաճախ աղավաղվում է: «Մենք ամեն տարի պետք է նշենք Կոմիտասի ծննդյան օրը»,-համոզված է նա:

 

Նկատի ունենալով Կոմիտասի ժառանգության հսկայական ազդեցությունը հայ երաժշտարվեստի զարգացման ասպարեզում՝ 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերում Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանի նշումը և կոմիտասյան ժառանգության հանրահռչակումը ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի N 10-Ն որոշման համաձայն ընդունել է որպես գերակա ուղղություն: Այդ կապակցությամբ նախարարությունը իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ հոբելյանական միջոցառումներ, որոնց նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռ 2012 թվականից, երբ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ և «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցմանը:

 

Ընթացիկ տարում տպագրվել է Գևորգ Գյոդակյանի «Կոմիտաս» գիտական ուսումնասիրությունը՝ անգլերեն թարգմանությամբ, ընթացքում է Արթուր Շահնազարյանի` Կոմիտասին նվիրված գիտահանրամատչելի վեպի ստեղծումը: Մինչև տարեվերջ «Սոնի» ձայնագրման ստուդիայում կտպագրվի նաև «Կոմիտաս» անթոլոգիան, որը պարունակում է Կոմիտասի ողջ ստեղծագործական ժառանգությունը՝ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանված և ժամանակակից կոլեկտիվների ձայնագրություններով, մուլտիմեդիա սկավառակով (առաջաբանը՝ Գ. Գյոդակյանի):

 

2014 թվականին Կամիտասի հոբելյանը նշանավորվել է նաև երաժշտական նախագծերով: Մարտի 25-ից մայիսի 3-ը անցկացվել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 7-րդ հանրապետական մրցույթը, որին մասնակցել են շուրջ 80 մանկապատանեկան երգչախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից (66-ը՝ ՀՀ մարզերից և Արցախից): Մրցույթի շրջանակում 300 օրինակ տպաքանակով հրատարակվել և փառատոնի ընթացքում մասնակից խմբերին, այնուհետև Երևանի, մարզերի և Արցախի երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցներին է հանձնվելԿոմիտասի «Մանկական խմբերգեր» ժողովածուն:

 

Ապրիլի 10-22-ը Գյումրիում կայացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են շուրջ 3027 երաժիշտներ, 743-ը՝ 35 երկրներից: Համաձայն փառատոնի կանոնակարգի՝ մասնակիցները 14 անվանակարգերում հանդես են եկել Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով:

 

Հանրապետության հեղինակավոր երաժշտական խմբեր և երաժիշտ-կատարողներ տարբեր ժանրերում, կոմիտասյան ծրագրով հանդես են եկել ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում: Համերգային ծրագրերը կշարունակվեն մինչև տարեվերջ:

 

Նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում անցկացնել Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումներ: Սեպտեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Կոմիտասյան համանվագ անլռելի» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Դեկտեմբերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետի համերգային կատարումը:

 

Հոբելյանական տարին կամփոփվի դեկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Երգչախմբային արվեստի միջազգային օրվա կապակցությամբ կայանալիք համերգով: 2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով, կստեղծվի «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը, որն արծարծում է նաև Հայոց ցեղասպանության հարցը: