Բազմաթիվ պաշտոնյաներ, գրողներ, մտավորականներ սեպտեմբերի 22-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հանդիպեցին «Շշուկների մատյան» վեպի հեղինակ Վարուժան Ոսկանյանի հետ: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն: «Անտարես» հրատարակչությունը հանրության դատին ներկայացրեց գրքի բարեփոխված հրատարակությունը:

 

Ռումինիայի գրողների միությունը գիրքն այս տարի ևս առաջադրել է Նոբելյան մրցանակի:

Վարուժան Ոսկանյանը, խոսելով իր գրքի մասին, հատուկ շեշտեց, որ գիրքը լույս է տեսել Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի շնորհիվ, ով մեծ ներդրում ունի գրքի հրատարակման գործում:

 

«Գիրքն առաջին ստեղծագործությունն է, որ անմիջապես ռումիներենից է թարգմանվել: Նախկինում ստեղծագործությունները ռումիներենից հայերեն էին թարգմանվում ռուսերենի միջոցով: Ես էլ եմ գրքի թարգմանիչներից մեկը: Այն բնագրի արժեք ունի: Մենք՝ հայերս, մեր ըմբռնումով ենք ապրում, մեր նահատակները ներկային են պատկանում և ոչ անցյալին: Ցեղասպանությունը մեր բոլորի ցավն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վարուժան Ոսկանյանը:

 

Նրա խոսքով, բոլոր պատմության դասագրքերը հաղթողների՝ արքաների և զորավարների մասին են: «Իսկ գրականությունը ենթարկվողների մասին է խոսում: Աշխարհի պատմությունը հաղթողների ստեղծագործությունը չէ, այն պարտվողնների մասին է: Գրականության ուժը մեծ է: Ֆրանց Վերֆելի գործն ավելի շատ բան կարողացավ անել, քան քաղաքական հայտարարությունները»,- ընդգծեց հեղինակը:

 

Վարուժան Ոսկանյանի խոսքով, ինքը ցեղասպանության հարցի առնչությամբ «Շշուկների մատյան» վեպում երեք այլընտրանք է տալիս՝ մոռանալ, վրեժ լուծել և ներել: Հեղինակը ներկայացրեց այդ երեք տարբերակներից յուրաքանչյուրի յուրահատկությունները: «Հրեաները չպետք է ներեին գերմանացիներին, եթե նրանք չընդունեին իրենց ոճիրը: Մենք կներենք միայն այն ժամանակ, երբ իմանանք, որ նման բան այլևս չի կրկնվի: Շատ դժվար է աններելին ներել: Մեր հաղթանակը հենց դա է: Սակայն ներելու համար երկխոսություն է պետք»,- նշեց Ոսկանյանը:

 

ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն, խոսելով Ոսկանյանի մասին, նշեց, որ նա շատ լավ քաղաքական գործիչ է և գրող: «Վարուժան Ոսկանյանը մեծ փորձ ունի: Այն, որ նրան կրկին Նոբելյան մրցանակի են առաջադրում, հսկայական աշխատանքի արդյունք է: Հույս ունեմ, որ այս գիրքը շատերը կհավանեն: Գիտեմ, որ այն Հայաստանում ճանաչվել է լավագույն օտարերկրյա գիրք: Ես մեր ընկերոջը հաջողություններ եմ մաղթում իր գործունեության մեջ՝ հատկապես գրական ասպարեզում»,- նշեց դեսպանը:

 

«Վարուժան Ոսկանյանն իսկապես հրաշալի գիրք է գրել: Կարդալով այն՝ տեսնում ենք, որ կարելի է եղեռնի թեման ներկայացնել առանց չափից շատ հուզական շեշտերի: Իհարկե, բացառություններ ունեցել ենք, սակայն արձակի այս ձևը շատ հետաքրքիր է: Գործն այս տարի ևս ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Հուսանք, որ այս անգամ Վարուժան Ոսկանյանը կստանա այդ մրցանակը»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

 

Գրքի խմբագիր Վառլեն Ալեքսանյանն ափսոսանք հայտնեց, որ «Շշուկների մատյան» գիրքը Հայաստանում քիչ է գովազդված: «Սկզբում վերնագիրը «Շշուկների գիրք» պետք է լիներ, սակայն գրողի հետ խորհրդակցեցինք, և որոշեցինք փոխել անվանումը: Գիրքն արժանի է Նոբելյան մրցանակի»,-նշեց նա:

 

Ելույթ ունեցողները կարևորեցին Վարուժան Ոսկանյանի գործունեությունը՝ նորանոր հաջողություններ մաղթելով նրան: Իրադարձության ընթացքում հատուկ շեշտվեց, որ գիրքը կթարգմանվի արաբերեն:

 

Գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանը հեղինակել է «Շշուկների մատյան» վեպը: Այն բնութագրվել է որպես գրական հայտնություն: «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը' արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Գիրքը թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, առաջիկայում նախատեսված է թարգմանել եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն, արաբերեն և բուլղարերեն:

 

Իր գրքի մասին հեղինակն ասել է. «Այն հայկական սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, հայերի տանջանքը և հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ է»:

 

Հայոց ցեղասպանության արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին: ««Շշուկների մատյանը» թովչական գեղեցկության վեպ է, հենց ինքնին Պատմությունը»,- գրել է իսպանական «Էլ Պաիս» (El Pais) թերթը: «Վարուժան Ոսկանյանն ամենից առաջ հայոց խիղճն է՝ մահից ու վերապրումից հունցված հիշողությունը ժառանգած գրող»,- ավելացրել է վենեսուելական «Էլ Նասիոնալը» (El Nacional):