Ուկրաինան որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին մասնակցելուց, սակայն արդեն 2016 թվականին պլանավորում է վերականգնել իր մասնակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը (ՈւԱՀ), որն ամեն տարի Ուկրաինայում անցկացնում էր այդ մրցույթի մասնակցի ընտրությունը, եզրափակիչն ու հեռարձակումը:

 

«Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը, Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) հետ երկկողմ պայմանավորվածությամբ, որոշում է ընդունել հրաժարվել Եվրատեսիլ-2015 երգի մրցույթին մասնակցելուց»,-ասված է հաղորդագրության մեջ: Հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ այդ որոշումն ընդունվել Է երկրում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ, միջոցները տնտեսելու եւ հանրային հեռարձակման անցնելու անհրաժեշտությամբ:

 

Եվրատեսիլ-2015-ն անցկացվելու է Վիեննայում: Ուկրաինացի կատարողներն ամեն տարի մասնակցում են մրցույթին: 2004 թվականին Թուրքիայում կայացած Եվրատեսիլում հաղթել էր ուկրաինացի երգչուհի Ռուսլանան, ինչի շնորհիվ արդեն հաջորդ տարի երգի մրցույթն ընդունել էր Կիևը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: