Գյումրու Վ. Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 19-ին նոր՝ 149-րդ թատերաշրջանի բացումը կազդարարի առաջնախաղով: Թատրոնի  հանրույթը հանդիսատեսին կներկայացնի  Յուոզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» պիեսը՝ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ: Սակայն սա նոր թատերաշրջանի միակ անակնկալը չի լինի, սեպտեմբերի 20-ին ևս գյումրեցիներին սպասում է անկանկալ՝ կրկին առաջնախաղ՝ այս անգամ Գևորգ Սարգսյանի «Մեսրոպ Մաշտ ոց»-ը: Եթե «Սեր, ջազ, սատանա»-ն հիմնականում երիտասարդ հանդիսատեսի համար է, ապա «Մեսրոպ Մաշտոց» պատմական դրաման՝ բոլորի:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց բեմադրության ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: «Թատրոնը երկար ժամանակ պատմական դեպքերին չի անդրադարձել, իսկ այս մեկը ոչ միայն պատմական է՝ ներկայացնելով հայ գրերի գյուտի հեղինակին, այլ նաև բացահայտում է անհատին, ով սովորական մահկանացու է՝ ընդունակ սիրելու, սովորելու ու կռվելու: Այսօր թեման շատ արդիական է՝ հայ մնալու խնդիրն է ստիպել անդրադառնալ այս թեմային»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը: Ի դեպ, «Մեսրոպ Մաշտոց»-ի բեմադրության համար թատրոնը ոչ մի բան չի խնայել՝ նոր զգեստներ, դեկորացիա: Արվել է ամեն ինչ` դարաշրջանի շունչը հանդիսատեսին փոխանցելու համար:

 

Ավելացնենք, որ երկու ներկայացումն էլ կյանքի են կոչվել թատրոնի միջոցներով:

 

Արմենուհի Մխոյան