Սեպտեմբերի 18-ին Ճապոնիայի մայրաքաղաքում բացվել Է համակարգչային խաղերի եւ խաղային կցուրդների անցկացման ողջ ժամակաշրջանում ամենախոշոր Tokyo Game Show միջազգային ցուցահանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ավելի քան 420 մասնակից ընկերություններ խաղերի բնագավառի նորագույն մշակումներն են ներկայացրել կցուրդների, սմարթֆոնների եւ համակարգիչների համար: Այս տարվա ցուցահանդեսի գլխավոր հետաքրքրությունն են դարձել այն խաղերը և տարբեր գաջեթները, որոնք լիակատար խորասուզում են նմանակում վիրտուալ իրականության մեջ: Այսպես, Sony ընկերությունն իր վերջին PlayStation4 կցուրդի համար ներկայացրել է սաղավարտ, որի օգնությամբ օգտատիրոջ մոտ տեսողական ու լսողական ներկայության պատրանք Է առաջանում խաղային տարածության մեջ: 

 

Samsung ընկերությունը ներկայացրել Է ակնոցներով ու ականջակալներով հանդերձված համանման սաղավարտ, որը համատեղվում Է նրա սմարթֆոնների հետ: Ամերիկյան Oculus ընկերության սաղավարտն ստեղծում է տիեզերքում գտնվելու պատրանք: 

 

9-ամյա ընդմիջումից հետո թողարկված Microsoft ընկերության Xbox One տնային կցուրդը հանդերձված չէ ակնոցով կամ սաղավարտով, բայց «կարողանում է» արձագանքել խաղացողի շարժումներին ու ձայնին:

 

Ցուցահանդեսն անցկացվում Է 24-րդ անգամ, բայց այս տարի կազմակերպիչները նշում են նրա աննախադեպ մասշտաբը՝ 421 ընկերություն, ինչը 20 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, ընդ որում՝ մասնակիցների գրեթե կեսը ժամանել է արտասահմանից: Ցուցահանդեսի աշխատանքի չորս օրվա ընթացքում, ըստ կազմակերպիչների գնահատումների, այնտեղ կայցելի 220 հազար մարդ:

 

Համակարգչային խաղերի ու կցուրդների շուկայի ծավալը Ճապոնիայում կազմում Է 1,1 տրիլիոն իեն (շուրջ 10,1 միլիարդ դոլար): Դրա շուրջ կեսը՝ 547 միլիարդ իենը (մոտավորապես 5 մլրդ դոլար), բաժին Է ընկնում սմարթֆոնների համար նախատեսված խաղերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: