Հայաստանի կոմպոզիտորների միության «Հայրենադարձ ղողանջներ» նախագիծն իր շուրջն է համախմբել Հայաստան տեղափոխված սիրիահայ երաժիշտներին: Սեպտեմբերի 17-ին միության դահլիճում սիրիահայերի մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր:


«Հայրենադարձ ղողանջներ» խորագրով երեկո-նախագծի շնորհիվ կոմպոզիտորների միությունը նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել, որ սիրիահայ արվեստագետները, չնայած առկա դժվարություններին, շարունակում են իրենց գործունեությունը և կատարելագործում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները հայրենիքում: Այս համերգին սիրիահայ երաժիշտ-ընկերներին իրենց կատարումներով աջակցել են նաև հայաստանյան երաժիշտները:

 

Միության նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքից հետո համերգը մեկնարկել է սիրիահայ երիտասարդ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանի երկու ստեղծագործությունների կատարումներով: Այնուհետև հնչել է Ծովինար Հովհաննիսյանի՝ քանոնի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը: Չորս փոքրիկ երեխաներ կատարել են Հոլենհաուերի ստեղծագործություններից:

 

Համերգի ավարտին ներկաներն ունկնդրել են Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբի հիանալի կատարումները: