ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ  նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանին:

 Քննարկվել են սեպտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում բացվող` արվեստագետի «Խաղաղության արվեստ»  խորագիրը կրող անհատական ցուցահանդեսին առնչվող կազմակերպչական հարցեր:

 

Դանիել Վարուժան Հեճինյանի ցուցահանդեսը կազմակերպվելու է սեպտեմբերի 18-21-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Նախարարը բարձր է գնահատել ամերիկահայ նկարչի ստեղծագործությունները և կարևորել նման ցուցահանդեսները Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հայոց պահաջատիրության գործում:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր հիացմունքն է արտահայտել Դանիել Վարուժան Հեճինյանի ստեղծագործությունների հանդեպ, նա մասնավորապես ասել է. «2014-ի գարնանը Դուք ամերիկյան հասարակությանը ներկայացրիք մի բացառիկ ստեղծագործություն՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված «Մոր ձեռքերը» կոչվող խաչքար-կոթողը, որը տեղադրվեց Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց:


Բրոնզի և գրանիտի համադրությամբ ստեղծված այդ Մայր-խաչքարը առանձնահատուկ խորհուրդ է կրում իր մեջ. զարդանախշերը թափվում են ցեղասպանությունից փրկված Ձեր ասեղնագործող մոր ձեռքերից, ձեռքեր, որոնց վրա փախուստի ճանապարհին հանգել են  նրա մայրն ու քույրը. շնորհակալություն ձեր փայլուն մտահղացման և այն կյանքի կոչելու համառության ու տքնանքի համար»:


Ծագումով հալեպցի նկարչին նախարարը ներկայացրել է Հայաստանում հանգրվանած սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառուցվող «Նոր Հալեպ»  բնակարանաշինության ծրագիրը: Քննարկվել են ծրագիրն իրականացնելու նպատակով Սփյուռքում արվեստագետների հնարավորությունները օգտագործելու, որոշակի մեխանիզմներով «Նոր Հալեպի» կառուցմանն օժանդակելու հետ կապված հարցեր:

 

Դանիել Վարուժան Հեճինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և ցուցահանդեսը կազմակերպելու համար: