Սեպտեմբերի 10-ին, երբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը`արքայազն Հարրին ոստիկանների ուղեկցությամբ գնում էր "Invictus Games" մրցումներին, նրա ավտոշարասյունը վթարի էր ենթարկվել: Ուղեկցող մոտոցիկլավարներից մեկը մեծ արագությամբ բախվել էր տաքսիին:
Range Rover-ի վարորդը, որով գնում էր արքայազն Հարրին, չէր կարող կանգ առնել վթարի պահին: Նա արգելակել էր միայն մի քանի հարյուր մետր անց:
Հաղորդվում է, որ 29-ամյա Հարրին սարսափահար վիճակում է եղել: Նա ձեռքերով բռնել էր գլուխը և անընդհատ հետ էր նայում:
Վթարի ենթարկված տաքսու վարորդն ու մոտոցիկլավարը տեղափոխվել են հիվանդանոց: Մոտոցիկլավարը հիվանդանոցից արդեն դուրս է գրվել, իսկ տաքսու վարորդի վիճակը կայուն է: