Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կմեկտեղի  տարբեր մարզերի եւ Արցախի պարային խմբերի: Այս մասին սեպտեմբերի 10-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Սասուն» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը: «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը տեղի կունենա սեպտեմ բերի 30-ին Գաֆեսճյան քանդակների այգում, որին կմասնակցեն «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Վան», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ» պարային խմբերը և «Մենք ենք մեր սարեր» համույթը Արցախից:


«Փառատոնի նպատակն է սեպտեմբերի 30-ը դարձնել համահայկական երգի ու պարի տոն և դրան մասնակից դարձնել հայ հասարակությանը, ներկայացնել մեր մշակույթը զբոսաշրջիկներին և ուշադրություն հրավիրել ազգային արժեքային համակարգում առկա խնդիրների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

 

Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ այն կդառնա շարունակական, կներառի նաև դրսում գործող ազգագրական համույթները, և Հայաստանը կունենա ազգային մշակույթի պահպանմանը նպաստող ամենամյա փառատոն: Նախքան փառատոնը` սեպտեմբերի 26-ին և 28-ին, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա ֆլեշմոբ:

 

Փառատոնի կազմակերպմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: Նախաձեռնությանը միացել են նաև Հանրային հեռուտաընկերությունը և ևս մի քանի հեռուստաալիքներ: