Առաջին անգամ փորձնական տարբերակով «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը թողարկվել է «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի գործադիր տնօրեն Հայկ Սահակյանցը: «Շատ անսպասելի էր տեսնել մեր չորս տարվա աշխատանքը նմանատիպ մասշտաբով, և լրիվ ուրիշ տպավորություն էր, քան համակարգչային էկրանի վրա: Ճիշտ է, ձայնը դեռ ավարտուն չէ, սակայն պատկերը հիմնականում ավարտուն է», - ասաց Հայկ Սահակյանցը:


Ցուցադրությանը ներկա է եղել ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմը,  որը բաղկացած է մոտ երեսուն հոգուց:  Այս պահին «Անահիտ» մուլտֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ պրեմիերան նախատեսվում է իրականացնել այս տարի աշնան վերջին:

 

Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` «Անահիտ»-ը երրորդն է հայկական  մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո: «Անահիտի» ստեղծմանը մեծապես աջակցում են «Շարմ հոլդինգ» ընկերությունը,  «Լույս» հիմնադրամը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Ֆիլմի ստեղծման առաջին փուլում երկու երգ ձայնագրելու գործում աջակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մուլտֆիլմը նկարահանվում է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով: