Քաղաքացիական ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանն ու Ժաննա Մախյանը նախաձեռնել են բարեգործական համերգ, որի տոմսերի վաճառքից գոյացած հասույթն օգտագործելու են ազատամարտիկների անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու համար:

 

Սեպտեմբերի 13-ին` ժամը 19-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը «Կադենցա» մենակատարների անսամբլը և «Խազեր» երգչախումբը հրավիրում են` վայելելու Կոմիտաս, հայկական և ռուսական ռոմանսներ, նեոպոլիտենական երգեր, արիաներ օպերաներից: Տոմսերի արժեքը 1000-3000 դրամ է, ինչպես PressIdent.am-ի հետ զրույցում նշեց համերգի նախաձեռնողներից Վաղինակ Շուշանյանը, ճիշտ այնքան, որքան մենք ծախսում ենք սրճարանում, սակայն այս դեպքում գումարը կարող է շատ ավելի նպատակային ծախսվել:

 

«Մտահղացումն առաջացավ այն ժամանակ, երբ կայքերում հայտնվեց մի նյութ, որում ներկայացված էր «Արաբո» ջոկատի մահացած  ազատամարտիկ Վագիֆ Ավետիսյանի ընտանիքի մասին տեսանյութը: Նրանք սոցիալական շատ վատ պայմաններում էին ապրում, տանն անգամ սառնարան չկար, իսկ ազատամարտիկի դստեր մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ էին առաջացել հոր մահվանից հետո»,- ասաց Վաղինակը:

 

 

Նրա խոսքով՝ ինքն ու Ժաննան դրամահավաք են կազմակերպել և սառնարան գնել ընտանիքի համար, այժմ էլ հոգեբույժի հետ են պայմանավորնել՝ աղջկա բուժման հարցով զբաղվելու նպատակով:

 

«Քանի որ դա հաջողությամբ պսակվեց, որոշեցինք օգնել նաև մյուս ազատամարտիկների ընտանիքներին: Այս համերգի հանգանակությունը ցանկանում ենք ուղղել վիրավոր ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանի ընտանիքին: Կռվի տարիներին նա վաճառել է ամեն ինչ, անգամ` իր տան գույքը, զենք է գնել և մեկնել ռազմաճակատ, այժմ նրանք սոցիալական ծանր պայմաններում են ապրում:  Եթե տոմսերը լավ վաճառվեն, կփորձենք օգնել նաև այլ ընտանիքների»,- PressIdent.am-ին հայտնեց Վաղինակը:

 

Հաշվի առնելով, որ հասարակական ակտիվությունը հիմնակում դրսևորվում է ֆեյսբուքում գրառումներ անելով՝ հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է տոմսերի վաճառքը: «Մենք էլ ունենք այդ մտահոգությունը, դեռևս մի փոքր պասիվություն կա տոմսերի վաճառքի առումով: Փորձել ենք դիմել այնպիսի կառույցների, որոնց համար այդ գումարը տրամադրելը խնդիր չէ, որոնք հայտարարում են, թե ազատամարտիկների կողքին են: ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 50 տոմս է գնել»,- հայտնեց Վաղինակը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

 

Երիտասարդ ակտիվիստը կոչ արեց անտարբեր չլինել մեր կողքին ապրող անապահով մարդկանց նկատմամբ և օժանդակել նրանց:


Ամալյա Հովհաննիսյան