Հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը բրիտանացի գիտնական, պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի հետ ներկայացրել է «Սթարմուս. Մարդու 50 տարիները տիեզերքում» աշխատությունը, որը նվիրված է 2011 թվականին անցկացված «Սթարմուս»-ի առաջին գիտական փառատոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է prnewswire.co.uk-ն:
Գրքի գլխավոր խմբագիրներն են Գարիկ Իսրայելյանն ու Բրայան Մայը, գործադիր խմբագիրը` Դևիդ Էիչերը: Աշխատության առաջաբանի հեղինակը Սթիվեն Հոքինգն է, ով ընդգծել է գրքի պատմական նշանակությունը: «Սա պատմական փաստաթուղթ է, քանի որ այն պարունակում է Նեիլ Արմսթրոնգի վերջին դասախոսությունը և «Սայուզ»-ի ու «Ապոլլո»-ի տիեզերագնացների խոսակցությունները»,- ասել է Հոքինգը` հույս հայտնելով, որ իր մասնակցությունը կունենա նաև երկրորդ գրքի հրատարակման մեջ:
«Սթարմուս» գիտական երկրորդ փառատոնը Կանարյան կղզիների և Տեներիֆեի խորհրդարանի աջակցությամբ կկայանա սեպտեմբերի 22-27-ը: Այն կկրի «Սկիզբը. ժամակակակից տիեզերքի ստեղծումը» խորագիրը: