Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ներկայացվել է 24 գորգ, 23 կարպետ, 24 ասեղնագործ գորգ և 8 գոբելեն։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ և «Արցախյան գորգարվեստ» մրցույթի հանձնաժողովի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը պատվոգրեր և դրամական պարգևներ է հանձնել մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, այս տարվա գարնանը հայտարարված են եղել «Արցախյան գորգեր» և «Իմ տոհմածառը» անվանակարգերով մրցույթներ՝ առանց տարիքային սահմանափակումների (11-62 տարեկանները): Մրցույթին մասնակցել են Արցախի բոլոր շրջանների ներկայացուցիչները, մանավանդ բավականին ակտիվ է եղել վերաբնակեցվող Քաշաթաղի շրջանը: «Մենք նպատակ ենք ունեցել վերականգնել Արցախի մշակութային ավանդույթները։
Մեր հիմնական պահանջը եղել է այն, որ գորգերը լինեն արցախյան նախշազարդերով. չէ՞ որ Արցախը ժամանակին եղել է հայոց գորգագործական կենտրոններից մեկը։ Այսօր էլ Արցախը նորից վերադառնում է իր արմատներին՝ այնտեղից պեղելու համար մերը` ազգայինը։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում այդ կարևորագույն ճյուղը վերականգնելու ուղղությամբ։ Այս մրցույթն էլ հենց ուղված է դրան»,-հավելել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նմանատիպ մրցույթները շարունակական են լինելու: