Այսօր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Նրա ընտանիքը Միացյալ Նահանգներ է գաղթել Բիթլիսից:
Գրական կյանքի առաջին տասնամյակում մեծանուն գրողը հեղինակել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն:
Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները:
Ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն աշխարհահռչակ հայի մասին գրել է. «Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»:
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին: Նրա աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: