Վրացական մի շարք հանրահայտ կոլեկտիվներ Երևանում կմասնակցեն Վրաստանի մշակույթի օրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Թատերական գործիչների միությունից, մշակույթի օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը:
Սեպտեմբերի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, իսկ սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կներկայացվի Թբիլիսիի«Ֆաբրիկա» թատրոնի «Մարիա Կալաս» ներկայացումը (բեմադրիչ՝ Ռ. Ստուրուա): Այնուհետև հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես կգա Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ա. Վարսիմաշվիլի):
Միջոցառումներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մշակույթի օրերի կազմակերպիչն է Հայաստանի Թատերական գործիչների միությունը: