Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի ցուցադրությամբ: Սեպտեմբերի 8-ին «Աիդա» օպերան կներկայացվի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարությամբ, իսկ 10-ին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Վան-Յու Նին (Թայվան):
Թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են օպերային երգիչ, տենոր Սերգեյ Դանիելյանի ծննդյան 85-ամյակին: Նոր թատերաշրջանի բացման ներկայացմանը հանդես կգան Ս. Դանիելյանի ուսանողները՝ օպերային երգիչներ Գևորգ Հակոբյանն ու Հովհաննես Այվազյանը:
Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1929 թվականին: Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Տասնամյակներ շարունակ դրամատիկ տենորը կերտել է այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Օթելլոն, Ռադամեսը, Կանիոն, Կավարադոսին, Խոզեն, Տոնիոն, Էդիպ արքան, Գերմանը…1967թվականին Ս. Դանիելյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: 1968 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: