Գյումրիում հեծանվային կուլտուրայի ձևավորման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով «ԼոգոՍ» երիտասարդական կազմակերպությունը  նախաձեռնել է «Հեծանվով դեպի մշակույթ» ծրագիրը:  «ԷկոԼաբ» ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրի առաջին փուլը մեկնարկեց օգոստոսի 24-ին Գյումրում: Առաջին փուլի երթուղին ընդգրկեց Գյումրու հիմնականում կենտրոնական հատվածը՝   «Թատերական» հրապարակից մինչև «Վարդանանց» հրապարակ, Պատվո բլուր և կրկին «Թատերական» հրապարակ:  Երթուղին անցնում  էր քաղաքի կենտրոնական փողոցներով, Սբ Աստվածածին, Ամենափրկիչ և  Սբ Նշան եկեղեցիների հարակից տարածքներով: Հեծանվային արշավի ընթացքում մասնակիցները տեղեկություններ ստացան Գյումրի քաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերի վերաբերյալ:

 

Հեծանվաարշավին մասնակցում էին երիտասարդներ ինչպես պրոֆեսոնալ հեծանիվներով, այնպես էլ սիրողական: Ի դեպ, ծրագիրն իրականացվելու է երեք փուլով, եթե առաջինն ընդգրկեց Գյումրին, ապա  երկրորդը կլինի ՀՀ այլ տարածաշրջաններում, իսկ երրորդը՝ ԼՂՀ-ում և Ջավախքում: Ծրագրերի հաջորդ փուլերի ընթացքում գյումրեցի հեծանվորդներին  կմիանան  նաև հեծանվորդներ այլ վայրերից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ԼոգոՍ» երիտասարդական կազմակերպության նախագահ Արա Մելիքջանյանը,  ծրագրի նպատակն  է երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նպաստել պատմամշակութային արժեքների պահպանման  գիտակցության բարձրացմանը և հեծանվային կուլտուրայի ձևավորմանը: Ծրագիրը նաև   բնապահպանական նպատակ է հետապնդում: «Գյումրիում հեծանվային մշակույթը զարգացնելու մեծ նպատակ ունենք, ճիշտ է,  շատ քչերն են Գյումրիում այսօր օգտվում հեծանիվներից, քաղաքում չկան նաև հեծանիվների համար անհ րաժեշտ արահետներ: Այդ հարցով պատրաստ ենք դիմել նաև ՏԻՄ-ին»,-նշեց   Արա Մելիքջանյանը:

 

Արմենուհի Մխոյան