Գավառ քաղաքի երկրագիտական թանգարանն օրերս հարստացել է արմատներով Գավառ քաղաքից սերված հայ ճանաչված կինոռեժիսորներ Գուրգեն եւ Մարատ Մարինոսյանների մասին պատմող արխիվային հարուստ ու հետաքրքիր նյութերով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, թանգարանի հարստացման եւ անվանի կինոռեժիսորների մասին պատմող նյութերի պահպանման գործում իր աջակցությունն է ցուցաբերել Գավառ քաղաքի բնակիչ, Գուրգենի եւ Մարատի ազգակից Խաչիկ Մարինոսյանը:

 

Թանգարան են այցելել Մարատ Մարինոսյանի դուստրը` գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոս Մարինա Մարինոսյանը եւ մի խումբ ազգակիցներ, ովքեր շնորհակալական խոսքեր են գրել տպավորությունների գրքում:

 

Ըստ Հասմիկ Հովեյանի`Գուրգեն Մարինոսյանը կրթություն է ստացել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում: 1934 թվականից աշխատել է «Հայկինոյում»: Նա կինոյի պատմության մեջ է մնացել հանրահայտ «Սեւանի ձկնորսները» ֆիլմով: Զոհվել է հայրենական մեծ պատերազմում:

 

Իսկ հայկական հեռուստատեսության արշալույսը կապվում է Գուրգենի որդի Մարատ Մարինոսյանի անվան հետ: Լայն ճանաչում են գտել նրա բեմադրություն-կինոնկարները` Չարենցի «Լենինն ու Ալին», Շոլոխովի «Մարդու ճակատագիրը», Պուշկինի «Քարե հյուրը»,Օտյանի «Թաղ ականին կնիկը» եւ այլ ստեղծագործություններ:

 

 Խոսրով Խլղաթյան