Հայաստանի ազգային պատկերասրահի 16-17-րդ դդ. գոբելենը վերականգնման փուլ է անցնում Ֆրանսիայում` «Մոբիոժ Տապի» ընկերությունում: Գոբելենի մակերեսը երկարատև օգտագործման հետևանքով ամբողջովին մաշվել և կեղտոտվել է, այն ունեցել է խոնավության և սնկային վարակի բազմաթիվ հետքեր, վնասված ու պատռված հատվածներ, ինչպես նաև նկատելի են եղել վերականգնման և ամրակայման անհաջող փորձերի հետքեր:

 

«Մոբիոժ Տապի» ընկերությունը շուրջ մեկ տարի է իրականացնում է  գոբելենի վերականգնման և կոնսերվացման աշխատանքները, արդյունքում՝ նշված խնդիրները վերացվել են, ցուցանմուշը վերականգնվել և կոնսերվացվել է: «Մոբիոժ Տապի» ընկերությունն աշխատանքները պետք է ավարտած լիներ մինչև 2014թ. հուլիսի 20-ը: Սակայն, ընկերության տնօրինությունը հուլիսի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահին տեղեկացրել է, որ ցուցադրության նախապատրաստելու համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել որոշակի աշխատանքներ՝ Գոբելենն ամրացնել հիմքի վրա, ստեղծել կտորե հատուկ շրջանակ, ամրացնել կախիչներ և կախերիզ, ինչի համար հարկավոր կլինի ևս 3 ամիս ժամանակ:

 

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի կողմից արտահանված Գոբելենի նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգի մեկ տարով:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 21-ի նիստի օրակարգում:

 

Որոշման նպատակն ` աջակցել «Հայաստանի ազգային պատկերասրահ»  ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի պատմական և մշակութային հարստության վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: