Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին շարունակում է մեծ եկամուտներ բերել թուրքական պետությանը: Դեպի քաղաք տանող զբոսաշրջային հոսքերը ոչ միայն չեն դադարում, այլև շարունակում են ավելանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Կարսի մշակույթի և զբոսաշրջության հարցերով վարչության տնօրեն Հաքան Դողանայը հայտնել է, որ Անիի ավերակները դարձել են ոչ միայն Կարսի շրջանի, այլև ողջ տարածաշրջանի կարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկը: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում այստեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
Վերջին տարիներին Թուրքիայի զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը դարձած պատմական Անի քաղաքից, այդուհանդերձ, թուրքական իշխանությունները շարունակում են վերացնել հայկականության հետքերը: Թուրքական պետական շրջանակների հրահանգով Անիի եկեղեցիներից որոշները ներկայացվում են որպես վրացական, դրանց մի մասից ջնջվել են հայկական տառերը, իսկ քաղաքի պաշտպանությունը ստանձնած կառույցների անուշադրության հետևանքով Անիի ավերակները ոչ հազվադեպ վերածվում են ընտանի կենդանիների համար նախատեսված արոտավայրի: