ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Մանկական Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանը մրցութային առաջին օրը հավաքել է 54 միավոր և երկրորդ տեղում է: Երեկ մրցութային երկրորդ օրը Դավիթը ներկայացել է Բրունո Մարսի “Locked out of heaven” ստեղծագործությամբ: Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը նրան տվել է 10 միավոր, սակայն, Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի խոսքով, դա բարձր արդյունք էր. «Երկրորդ օրը ժյուրին ավելի խիստ է գնահատել, բացի այդ, առաջինը ներկայացող մասնակիցը միշտ տուժում է, քանի որ ժյուրիին մտածում է, որ հնարավոր է ավելի լավ ելույթներ լինեն ու չի տալիս ամենաբարձր գնահատականը: Ամեն դեպքում Դավիթն էր քաշել այդ համարի տակ ելույթ ունենալու «բախտը»»:
Գրիգորը ESem.am-ին հայտնեց, որ կանոնների փոփոխության արդյունքում մեր մասնակցի միավորները բավականին պակասել են: «Ծնողներից մեկը բողոքել էր արդյունքներից, և կազմակերպիչները որոշել էին, որ ծնողները նույնպես քվեակեն: Նրանց քվեարկությունը հավասարազոր է ժյուրիի քվեարկությանը: Արդյունքում բոլոր այն մասնակիցները, ովքեր լավ էին ներկայացել ու ժյուրիի քվեարկությամբ հավակնում էին մրցանակային տեղերի, հայտնվեցին ցածր հորիզոնականներում: Օրինակ մենք, որ հավակնում էինք եթե ոչ հաղթակնակի, գոնե՝ եռյակում լինելուն, հայտնվեցինք ոչ մրցութային տեղում: Ծնողները գնահատում էին 5 բալանոց սանդղակով, նրանցից միայն մեկը մեզ տվեց 5 միավոր, մի քանիսը՝ 4 և մեծ մասը՝ մոտ 12 ծնող մեզ գնահատել է 3»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ Դավիթն իսկապես շատ լավ է ներկայացել ու արժանի չէր այդ գնահատականին:
Ըստ երգչի՝ ծնողները բարձր գնահատական էին տալիս նրան, ում ծնողի հետ ավելի մտերիմ են կամ իրենց երկրի մյուս ներկայացուցչին (կան երկրներ, որոնք մի քանի մասնակից ունեն): «Նրանց ասվել էր, որ բարձր գնահատական կարող են տալ 3-5 հոգու: Արդյունքում՝ նրանք իրենց երկրի ներկայացուցիչներին, մտերիմների երեխաներին տվել են բարձր, մյուսներին՝ ցածր միավոր»,- նշեց Գրիգորն ու ավելացրեց, որ ժյուրիի բացարձակ 11 միավորներին արժանացած Ուկրաինայի ներկայացուցիչը հայտնվել է ոչ մրցութային տեղում, իսկ առաջին տեղում հայնվել է Բելառուսի ներկայացուցիչը, ով ժյուրիի քվեարկությամբ առաջին օրը հայտնվել էր 12-րդ տեղում:
«Զավեշտալի դրություն է, բոլորն են խոսում, որ սա սխալ որոշում էր, գնահատականները սիրողական մակարդակի են: Կարծում եմ՝ կազմակերպիչներն էլ հասկացան, որ պետք չէր այսպես անել, քանի որ մրցույթը քաոսի վերածվեց, սակայն ասում են, որ մեծ ծախսեր են արվել և հնարավոր չէ կրկին կազմակերպել երկրորդ համերգը՝ առանց ծնողների: Շատերն ուզում են, որ ծնողների քվարկությունը չհաշվվի, սակայն դա էլ ծիծաղելի կլինի, քանի որ համերգն ու քվեարկությունն արդեն նկարահանվել է հեռուստաեթերի համար: Չի կարող հեռուստադիտողը տեսնել մի քվեարկությւն, բայց հաղթող ճանաչվի մեկ ուրիշը»,- ESem.am-ին ասաց Դավթի երաժշտական պրոդյուսերը:
Գրիգորի խոսքով՝ կազմակերպիչներն էլ գոհ չեն այս պատկերից, սակայն մրցույթի համար ծախսել են 10 մլն եվրո ու ասում են, որ կարող են անգամ հարցերին չպատասխանել: «Անում են այնպես, ինչպես նպատակահարմար են գտնում, ու ծնողը կամ պրոդյուսերն իրավունք չունի բացատրություններ պահանջել»,- ասաց Գրիգորն ու ավելացրեց, որ բողոքարկելու դեպքում կարող են անգամ որակազրկել երկրին ու այլևս թույլ չտան մասնակցել մրցույթին: «Մեզ հետ չկա պատվիրակություն, պետության ներկայացուցիչ: Այս դեպքում ոչ միայն Դավթի, այլև երկրի հետագա մասնակցության հարցն է, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ ես իրավունք չեմ նման որոշում կայացնել ու կռիվ անել այստեղ»,- ավելացրեց նա, սակայն չկարողացավ պաասխանել մեր հարցին, թե ինչու չկա հայկական պատվիրակություն: Երգիչը նշեց, որ չգիտի պատճառը, այդ հարցով չի դիմել «Շանթ» հեռուստաընկերությանը:
Գրիգորի փոխանցմամբ՝ անսպասելի արդյունքներից մեր մասնակիցը սկզբում սրտնեղել է, սակայն հիմա բարձր տրամագրություն ունի. «Դավիթը մտածում էր՝ վատ է երգել, ես ասացի, որ լավ է ներկայացել, ես գոհ եմ իրենից, հետո նայեցինք տեսագրությունն ու համոզվեց, որ լավ է երգել: Բացի այդ, Դավիթն ընդգրկվել է լավագույն մասնակիցների մեջ և պայմանագիր է կնքել Իգոր Կրուտոյի ակադեմիայի հետ, որի համաձայն՝ նա տարվա ընթացքում մի քանի անգամ պիտի գնա «մաստեր կլասերի», համագործակցի արտերկրացի արտիստների հետ»:
Ամեն դեպքում Գրիգորը նշեց, որ հորդորում է մասնակցել այս մրցույթին, քանի որ նախ՝ կարող են հայտնվել Իգոր Կրուտոյի ակադեմիայում, ինչը շատ կարևոր է, բացի այդ, անգամ վերջին տեղում հայտնվելու դեպքում սա շատ լավ դպրոց է: Ավելին՝ Գրիգորը նշեց, որ, հնարավոր է, հետագայում մասնակցի երիտասարդ կատարողների «Նոր ալիքին»:
Նշենք, որ մրցութային երկրորդ օրվա վերջնական միավորները կհայտնեն այսօր, քանի որ ծնողները շատ էին, չեն կարողացել տեղում հաշվարկել միավորները:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը