Թուրք-լազ գրող Սերքան Էնգինի պոեմը հայերի, Պոնտոսի հույների ցեղասպանության, ինչպես նաև Թուրքիայում քրդերի նկատմամբ քեմալականների կազմակերպած կոտորածների մասին տեղ է գտել ամերիկյան Empty Mirror գրական կայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Նկարագրական սոցիալիստական պոեզիայի վրեժը» խորագրով հոդվածում Էնգինը գրում է. «Մենք աշխարհի բոլոր ճնշված, արհամարհված, վիրավորված, անտեսված, մոռացված մարդկանց վրեժն ենք, մենք մեր պոեմներով և չափածոներով մարտիկներ ենք հանուն նրանց իրավունքների»:
«Մենք անմահ հոգին ենք մեր ընկեր, հայ հեղափոխական, ազատության մարտիկ Մաթևոս Սարգսյանի (Փարամազ), ով մեկն էր Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերից, և ով իր ընկերների հետ կախաղան բարձրացվեց Ստամբուլում` Բայազեդի հրապարակում, 1915 թվականին` վախի որևէ կաթիլ չունենալով իր սրտում»,- գրում է լազ բանաստեղծը:
Նա անդրադառնում է նաև «ֆաշիստական-քեմալական» վարչակարգի կողմից Դերսիմում շուրջ 72 հազար զազաների սպանությանը, որի կազմակերպիչը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր:
Սերքան Էնգինը մոր կողմից թուրք, հոր կողմից լազ է, բայց իրեն համարում է ազգությամբ լազ, քանի որ իր համար ամոթ է մորական կողմի նախնիների արարքի կրողը լինել: «Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացրել են հայերի ցեղասպանությունը»:
Սերքան Էնգինի հարցազրույցն «Արմենպրես»-ին կարող եք կարդալ այստեղ: